Ավելորդ քաշով հիվանդները, որոնք հիվանդանոց են պառկում որևէ վարակիչ հիվանդությամբ, ողջ մնալու կրկնակի ավելի մեծ շաներ ունեն, քան այն մարդիկ, ովքեր ճարպակալմամբ չեն տառապում: Այս եզրակացությանն են հանգել դանիացի գիտնականները՝ դոկտոր Սիգրիդ Գրիբսհոլտի գլխավորությամբ Օրհուսի համալսարանին կից հիվանդանոցի կլինիկական համաճարակաբանության դեպարտամենտից: Այս մասին գրել է The Independent-ը:
Իրենց հետազոտության համար, որի արդյունքները ներկայացվել են Վիեննայում Ճարպակալման խնդրներին նվիրված եվրոպական կոնգրեսում, բժիշկներն ուսումնասիրել են ավելի քան 18 հազար հիվանդների տվյալներ, ովքեր 2011-ից մինչև 2015 թվականն ընկած շրջանում հոսպիտալացվել են շտապ բժշկական օգնության կամ վիրաբուժական միջամտության համար:
Քննության ենթարկելով մահվան դեպքերը դուրսգրումից հետո 90 օրվա ընթացքում՝ նրանք պարզել են, որ ավելորդ քաշով հիվանդների մահանալու շանսերը 40 տոկոսով պակաս են, քան նորմալ քաշով հիվանդներինը: Նրանց մոտ, ովքեր տառապել են ճարպակալումից, այդ թիվը մեծացել է մինչև 50 տոկոս: Դոկտոր Գրիբսհոլտը The Independent-ին պատմել է այդ արդյունքների հնարավոր պատճառների մասին:
«Հնարավոր է, ճարպակալմամբ հիվանդների մոտ Էներգիայի ավելի մեծ պաշարներ կան, որոնք կարող են օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում: Բացի դրանից, ճարպակալումը կապված է իմունային համակարգի խրոնիկական խթանման հետ, ինչը նույնպես կարող է օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում»,- հայտարարել է նա: