Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ЗИЛ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Газель-ի մեջ եղել է 20 ուղևոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Ռադիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com