
Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարզերում բժիշկների պակասի խնդրին: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի նպատակային տեղերի հատկացման հարցով դիմել է կրթության և գիտության նախարարին:
«Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն: Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում:
Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում»,- գրել է առողջապահության նախարարը: