Խոնարհվում եմ մեր հերոսների առջև. Սամվել Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Խոնարհվում եմ մեր հերոսների առջև. Սամվել Գրիգորյան. life.panorama.am

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Life.panorama.am-ը  զրույց է ունեցել երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի հետ:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ հպարտանում է հայերիս հաղթական պատմությամբ.

«Մայիսը մեր հաղթանակների ամիսն է, մայիսը թերեւս լավագույն ամիսն է հայերիս համար: Դեռեւս խորհրդային տարիներից սկսած՝ մայիսի 1-ին սկսում էինք տոնական տրամադրությունն ու դրան հաջորդում էին մայիսի 9-ը, ապա նաեւ մայիսի 28-ը, իսկ արցախյան պատերազմից հետո տոնական ամսում վառ գույներով դաջվեց նաեւ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, որն ինձ համար նոր Հայաստանի վերածնունդն է համարվում: Այս տոները իսկապես երջանկություն են յուրաքանչյուր հայի համար»,- նշեց Սամվել Գրիգորյանը:

Վերջինս վստահ է՝ այսօրվա սերունդը լիովին գիտակցում ու գնահատում է մեր հաղթական էջերը:

«Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի խորհուրդը այսօրվա երիտասարդությունը չափազանց լավ է գիտակցում եւ դա հպարտության առիթ է: Նրանք իսկապես գնահատում են ամեն թափված արյուն, որ իրենց բարօրության համար է եղել: Գուցե մենք՝ միջին եւ ավելի ավագ սերունդը, չկարողացավ վայելել մեր երազանքների Հայաստանը, բայց համոզված եմ, որ մեր պայքարող նոր սերունդը, միանշանակ, կվայելի մեր պապերի երազների հայրենիքը: Մենք ունենք փայլուն ու ֆանտաստիկ երիտասարդություն, որոնք վերջին շրջանում անընդհատ ապացուցում են, որ իրենք արժանի են ապրելու լավ երկրում»,- նկատեց նա:

Իսկ վերջում, իր  շնորհավորանքը հղելիս, Սամվել Գրիգորյանը հավելեց.

«Շնորհավորում եմ բոլորիս, սա հզոր տոն  է, ես խոնարհվում եմ մեր հերոսների առջեւ, որոնք հանուն այսօրվա ազատության ու խաղաղության, զոհասեղանին դրեցին իրենց կյանքը: Շնորհավորում եմ բոլորիս, թող այսօր հրաշք ու անմոռանալի օր ունենանք»:

life.panorama.am



Նման նյութեր