Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել ԱԱԾ
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել ԱԱԾ

Հայաստանում առողջապահության ոլորտում նախատեսվում են կադրային փոփոխություններ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի վերաբերյալ գրառում էր կատարել և ասել, որ սկսելու է տալ տարբեր ռազմավարական ծրագրեր տապալած անձանց անուններ:

Ճեպազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ քրեական գործերի հիմքեր լինելու դեպքում կհարուցվեն քրեական գործեր:

«Երբ լինեն քրեական գործեր, դրանց մասին մենք կտեղեկացնենք անպայման, բայց հիմա, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ցանկանում անուններ տալ: Կարող եմ միայն ասել, որ դրանք կլինեն շատ մեծ հիվանդանոցների հետ կապված: Ես հենց առաջին օրերին մի քանի դեպքի մասին արդեն իսկ նշել էի` առողջարանների, հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերաբերյալ: Անունները կնշվեն այն ժամանակ, երբ կունենանք փաստաթղթային հանգամանքներ, այսինքն` պարզապես մեղադրանքներ չեն հնչելու: Բոլորս էլ շատ մարդկանց անուններ կարող ենք ասել, բայց քանի որ մենք ցանկանում ենք կառուցել իրավական պետություն` պետք է ունենանք փաստեր: Այդ ամենի համար մենք ուսումնասիրություններ ենք կատարում` պետական առողջապահական գործակալությունը, տեսչությունն այս պահին էլ ստուգումներ են իրականացնում: Արդյունքները հետո ուղարկվելու են Ազգային անվտանգության ծառայություն, այսօր էլ պատրաստվում եմ երկու նամակ ուղարկել»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Վերջինս մայիսի 29-ին գրառում էր արել առ այն, որ առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիան վերացնելու իրենց քայլերին որոշ մարդիկ ցանկանում են հակահարված տալ: Նա գրել էր.

«Չի ստացվելու: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինի` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: Երևի, սկսեմ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ արդեն»: