Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.
Հեղափոխությունները հետաքրքիր բան են ու խիստ յուրահատուկ, սակայն ողջ այդ յուրահատկությունների մեջ, կան օրինաչափություններ, որոնք անշեղորեն կրկնվում են՝ սկսված Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից, շարունակած Փետրվարյան ու Հոկտեմբերյան հեղափոխություններով, ԽՍՀՄ փլուզումով ու վերջացրած տարբեր ու տարատեսակ մայդան-մույթդաններով, գունավոր ու անգույն, վարդերի ու թավիշների հեղափոխություններով, որոնք ավելի ճիշտ է կոչել հեղաշրջում։
Այդպիսի օրինաչափություններից մեկն էլ այն աքսիոմն է, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, բայց դա միանգամից չի լինում, այլ` փուլերով։
Ընդհանրապես՝ հեղափոխության զավակների երկու տիպ կա, որոնց պամանական կարող ենք անվանել «գազազածներ» ու «կառուցողականներ»։ Հեղափոխությունների պատմությանը դիմելով՝ օրինակներն ավելի հասկանալի դարձնելու համար, նշեմ, որ օրինակ՝ Ռոբեսպյերն ու Նապոլեոն Բոնապարտը հենց այդ երկու բևեռներն էին, Տրոցկին ու Ստալինը ևս այդ երկու բևեռներն էին։ Ըստ էության այս երկւ տիպի սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ մեկը պերմանենտ, այսինքն՝ շարունակական հեղափոխության կողմնակից է, իսկ մյուս տիպը պոստ-հեղափոխական ստաբիլացման կողմնակից։
Հեղափոխությունների պատմության փորձը նաև հուշում է, որ առաջին զավակները, որոնց խժռում է հեղափոխությունը դա հենց «գազազածներն են», ովքեր սկզբում սկսում են իրար ու յուրայիններին ուտել, իսկ հետո նրանց խաղից հանում են արդեն «կառուցողակաները»։ Դիցուք՝ նոր իշխանությունները բնավ բացառություն չեն և ևս բաղկացած են «գազազածներից» ու «կառուցողակններից» և ինտրիգը ոչ թե այն է, թե արդյո՞ք դա այդպես է (որովհետև դա իրոք այդպես է), այլ այն, թե առաջիկա շաբաթներին ովքեր են խժռվելու և ում կողմից, ինչպես նաև այն, թե կոնկրետ որ տիպին է պատկանում անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջին հարցի պատասխանից էլ մեծապես կախված է նրա քաղաքական հարատևությունը, առնվազն՝ քաղաքականը։