Գերմանիայում հայերը ծեծել են միմյանց. իրավապահները չեն կարողանում ավարտին հասցնել գործը. shantnews.am
Advertisement 1000 x 90

Գերմանիայում հայերը ծեծել են միմյանց. իրավապահները չեն կարողանում ավարտին հասցնել գործը. shantnews.am

Գերմանիայի տեղական իշխանությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է դարձյալ հայտնվել, այսպես կոչված, «հայկական մաֆիան», որի մասին պարբերաբար, 2015 թվականից ի վեր, ծանուցել է «Ազգ» թերթի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը:

Ըստ պարբերականի՝ օրեր առաջ Այհսֆելդ մարզային շրջանի Վորբիս քաղաքում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերի երկու, այսպես ասած, միմյանց թշնամի խմբավորումների միջև ծեծկռտուք է եղել:

Միջադեպի վայր են հասել իրավապահ մարմինները, որոնք փորձել են պարզել ծեծկռտուքի պատճառը և գտնել մեղավորներին: Առայժմ ծեծկռտուքի պատճառ չի նշվում, նշվում է միայն, որ զոհ չկա՝ չնայած այլ դեպքերում եղել են վիրավորներ ու տուժածներ: Այս անգամ նույնպես կողմերի մոտ զենք է հայտնաբերվել: Հայկական երկու խմբավորումների միջև մեկ այլ ծեծկռտուք էլ  շաբաթներ առաջ Գերմանիայի մեկ այլ շրջանում է տեղի ունեցել, որում ներգրավված են եղել տասնյակ գերմանաբնակ հայեր: Խոսվում է թմրամիջոցների շրջանառությանը, ավտոմեքենաների վաճառքին, անշարժ գույքին առնչվող հարցերի և այլ դրամական շարժառիթների մասին: Հայերի մասնակցությամբ նմանատիպ խմբավորումների գոյությունը Գերմանիայում նոր չէ:

Shantnews-ն այս թեմայով զրուցել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ, պատմագետ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանի հետ:

– Պարոն Օրդուխանյան, վերջին շրջանում դարձյալ թարմացել են լուրերը՝ Գերմանիայի «հայկական մաֆիայի» մասին: Ի՞նչ է տեղի ունեցել: 

– Ցավոք սրտի, հայկական մաֆիայի մասին խոսակցությունները Գերմանիայում նոր չեն: Նրան առնչվող հետաքննությունն այստեղ 2009 թվականից է ընթանում: Եվ այդ խմբավորումների մեջ ներառված են ոչ միայն հայեր, այլև՝ ռուսներ, չեչեններ, գերմանացիներ, մոլդովացիներ, իտալացիներ, ինգուշներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Այս գործի մասին մենք տեղեկանում ենք գերմանական հեռուստատեսությամբ, մամուլով, ինչը, իհարկե, շատ բացասական է ազդում հայկական համայնքի վրա՝ իմիջի, հեղինակության առումով:  Կուզենայինք, որ չլինեին նման բաներ, բայց դե մարդիկ այդ կյանքով են ապրում, մենք ոչինչ չենք կարող անել:

– Իսկ ի՞նչ է այդ խմբավորումների ուզածը:

– Գերմանական մամուլը նշում  է, որ երկու հայկական մաֆիոզ խմբավորումների միջև տևական  բախում կա, որի պատճառը մինչև վերջ հնարավոր չէ ճշտել: Տարիներ շարունակ ընթացող հետաքննությունը չի կարողանում վերջնական պարզել պատճառը, քանի որ հայերը, իրենց նկարագրի համաձայն, ամբողջական տեղեկություն չեն տալիս ոստիկանությանը, այսպես ասած՝ «չեն ծախում մեկը մյուսին», ինչը գերմանական ոստիկանության գործը դժվարացնում է: Բայց հայտնի է, որ գործում կան տարբեր բնույթի հանցանքներ, օրինակ, Իտալիայից մեծ քանակությամբ կեղծ փողերի պատմություն՝ մոտ 125 հազար եվրոյի հասնող, հարձակումներ հայերի ռեստորանների վրա, որը մի կլանը կատարում է մյուս կլանի հանդեպ, կան նաև տարբեր տեսակի մախինացիաներ, որոնց հիմնական պատճառը խճճված է: Երկու հայկական խմբավորումներ միմյանց միջև հարցերը չեն կարողանում լուծել, դրանից բացի՝ խառնված են նաև քրեական հեղինակություններ՝ օրենքով գողեր, չեչեններ, ինգուշներ եւ  շատ տհաճ մի իրավիճակ է, որը լարվածության մեջ է պահում այստեղի հայերին: Դեռևս հետաքննություն է գնում, կան տուժածներ, վիրավորներ, ձերբակալվածներ:

– Դեսպանատունը կամ համայնքային կառույցները միջամտո՞ւմ են, ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ են:

– Դեսպանը հանդիպել է նահանգային ներքին գործերի ղեկավարների հետ, քննարկել է հարցը, ինչ-որ լուծումներ գտնելու համար, բայց, ցավոք սրտի, համայնքն այս առումով շատ բան չի կարող անել, դեռ մի բան էլ տուժում է տեղի ունեցածից: Մաֆիաների շուրջ հայկական համայնքը չկա, բացակայում է, հատկապես այստեղի սփյուռքահայերը պատկերացում չունեն ինչի մասին է խոսքը, այսպիսի գործունեությունն անծանոթ է համայնքային հոգեբանությանը:

Գերմանացիներն ասում են, որ սովորաբար մաֆիաները փորձում են իրենց գործունեությամբ աննկատ մնալ, ետին պլանում գործել, բայց այս դեպքում օրը ցերեկով գործողություններ են տեղի ունենում, ասենք՝ բռնի կերպով ներխուժում են ռեստորան, զինված հարձակում են կատարում և այլն, որը նոր երեւույթ է և չափազանց մտահոգիչ է, գերմանացիները նոր որակի հանցագործության հետ գործ ունեն: Նրանց համար հաճախ շոկային են օրը ցերեկով կատարվող նման հարձակումները:

Կրկին շեշտեմ, որ չնայած խմբավորումների անունը «հայկական մաֆիա» է, բայց նրա գործունեությունն ամբողջությամբ հայերին վերագրել չի կարելի, այլ ազգեր էլ  կան խառնված: Այս գործում մի քանի նահանգներ են ներգրավված, այդ թվում՝ Բեռլինը: Շատ շրջաններում հայերը ապրում են հանգիստ, խաղաղ պայմաններում և այսպիսի գործողությունները բացասական ազդեցություն են ունենում: Հուսանք՝ հետաքննությունը շուտ կավարտվի և վերջապես կդրվի այս  պատմության ավարտը:

shantnews.am