Սերգեյ Դանիելյանն այն դերասաններից է, որն օգտագործում է իր դիմակն ու իրական դեմքը կրքով, հումորով ու հաճույքով: Նա միաժամանակ հումք ու արդյունք է, ու դա թերևս ամենալավ գնահատականն է աշխարհի լավագույն մասնագիտությունը ընտրած մարդու համար:
Ի վերջո, դերասան լինելը մի քիչ աստվածային բան է, պարզապես թե՛ ստեղծողը, թե՛ ստեղծագործությունը նույն մսից, արյունից, հույզերից, նյարդերից ու ուղեղից է:
Սերգեյ Դանիելյանը կատակերգակ է, որն ինքն է կառուցում իր դերերը (նաև տեքստերը, որոնք սովորաբար գոտկատեղից մի քիչ ներքև են) և չի վախենում լինել նաև խեղկատակ: Սկզբում նրա միակ հարթակը թատրոնն էր, որտեղ ստենդ ափ ներկայացումներ էր խաղում: Հետո հարթակը դարձավ համացանցը, որտեղ կարճ ու պարբերաբար հեռարձակվող տարբեր հաղորդումներ է «խաղում»:
«Ստենդ ափի համար պետք է ունենաս հարուստ կենսագրություն և կարողանաս քեզ նայել կողքից: Նույնն է վիդեո բլոգի դեպքում»,- ասում է նա:
Սերգեյ Դանիելյանը համացանցում հանդիպեց անթաքույց ագրեսիայի, երբ թավշյա հեղափոխությունից հետո սկսեց Նիկոլ Փաշինյանի նմանակումների շարքը:
Հետհեղափոխական երեք հաղորդումները՝ նկարահանված լայվի էֆեկտով ու ուղերձով, առաջ բերեցին զարմալի խնդիր՝ հումորը ընկալվեց որպես սրբապղծություն:
Ընդհանրապես լավ դերասանը նման է քամի որսացող սարքի, որի օգնությամբ իր շուրջն ու իր անձի հետ կատարվող ցանկացած դեպք դառնում է նյութ՝ ավելացնելով դիմակներին մի նոր թեմա, գույն, երանգ կամ հնչերանգ:
Սերգեյ Դանիելյանը որսաց այն քամին, որն իր հետ բերեց սպառնալիքներ ու հայհոյանքներ և դրանցից ամենատհաճ ու վիրավորական մեկնաբանությունները դարձրեց հրապարակային:
Ես կարծում եմ, որ ամենաբարդ, բայց շնորհակալ ամպլուան խեղկատակն է, ծաղրածուն: Հիմա ծաղրածու լինելը բա՞րդ է:
Այս հասկացությունը դրված չէ հեշտի ու դժվարի բաժակների մեջ: Կամ էդպիսինն ես, կամ էդպիսինը չես: Միգուցե կարելի է դրան կոչել և ծաղրածու: Հասկանում եմ, որ այդ բառի հանդեպ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի, բայց ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Ես գործի բերումով հենց այդպիսինն եմ և միշտ եմ եղել:
Այո, դա բարդ է, քանի որ միշտ գտնվում ես այսպես ասած՝ ձորի բերանին: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Դժվար է գտնել հավասարակշռությունն ու այն մակարդակը, որտեղ նախ՝ ինքդ չես վնասվի, և հետո էլ՝ խոսքդ տեղ կհասնի:
Վնասվելու վտանգը միշտ կա:
Ֆիզիկապես վնասվելու՞, թե՞ իմիջի առումով:
Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ամեն ինչ կարող է պատահել, կարող են բռնել, ծեծել, բանտ նստեցնել: Եթե ինձ համեմատեցիք ծաղրածուի հետ, ապա չմոռանանք, որ միջնադարում ծաղրածուներին շատ հաճախ գլխատում էին: Ասում էին՝ էս անգամ կատակդ լավը չէր, և վերջ… թռցնում էին գլուխը:
Նույնն էլ հիմա է: Իհարկե, չեն գլխատում, բայց դե…
Հումորային նմանակումների ռեակցիան ադեկվատ չէր, դա վիրավորակա՞ն է:
Իհարկե, ազդում է:
Բայց արդեն իմունիտետ ունես, հասկանում ես, որ հասարակությունը բազմաշերտ է և դու ես ցույց տալիս հասարակությանը, որ այն բազմաշերտ է:
Այդ պատճառով էլ Ֆեյսբուքի պատին եմ դնում ամենազզվելի մեկնաբանությունները, որ տեսնենք, թե որքան տարբեր են մարդիկ: Եվ շատ հետաքրքիր է ստացվում. մարդիկ իրենց տեսնում են ու հետո իրար հետ կա՛մ կռվում են, կա՛մ ցուցադրաբար արհամարհում իրար:
Մտածում եմ, որ եթե ես դա չանեմ, բա ո՞վ անի: Իհարկե, զուտ տեսականորեն բոլորս էլ ընդունում ենք, որ հասարակությունը տարբեր է, կազմված է բանվոր դասակարգից, բուրժուաներից և այլ խավերից:
Մենք այդ մասին կարդացել ենք գրքերում, բայց բոլորովին այլ է, երբ դա տեսնում ես:
Տեսնում ես, որ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք չունեն հումորի զգացում կամ ունեն հումորի զգացում, ագրեսիվ են, բարյացակամ, խելացի կամ ոչ այնքան:
Դա շատ լավ երևում է, և դրա մասին ոչ թե ասում ես, այլ ցույց ես տալիս արձագանքներով: Իհարկե, հասկանում եմ նաև, որ մարդիկ պարտավոր չեն ինձ հասկանալ:
Ցանցում չկա խմբագրում, բայց ենթադրվում է, որ պիտի լինի ինքնախմբագրում:
Իհարկե, ամեն ասածս ինքնախմբագրվում է և ունի ուղերձ: Եվ միայն լիակատար ապուշը կարող է չհասկանալ, թե որն է ձեռ առնելու, պարզապես ժպիտ կամ հռհռող առաջացնելու և ուղերձ կառուցելու տարբերությունը:
Ֆեյսբուքից դուրս կան կանոններ, թեկուզ ֆեյսկոնտրոլը, իսկ ցանցում կանոն չկա, մարդը կարող է գրել սրտի ուզած մեկնաբանությունը, այդ թվում՝ ամենավերջին հայհոյանքը:
Նույնիսկ թատրոնում ունես ընտրություն, կարող ես հայհոյախոսին դահլիճից դուրս հանել, իսկ ցանցում լրիվ բաց ու անպաշտպան ես:
Հետաքրքիրն այն է, որ այդ նույն հայհոյախոսը՝ տեսնելով ինձ փողոցում, երբեք դեմքիս չի ասի այն, ինչը գրում է սոցցանցում: Ցանցը նրա համար հարմար անանուն ծածկոց է:
Նա նայում է, ինչ-որ բան դուրը չի գալիս, միանգամից ռեակցիա է տալիս, անգամ վայրկյան չի թողնում, որ մտածի:
Միաբջիջ կենդանիների ռեակցիաները ընդամենը երկուսն են՝ կծկում և թուլացում: Երբ օրգանիզմը ստանում է որևէ ազդանշան, սեղմվում, կծկվում է: Ասենք, չի կարող փախչել, մեծանալ, փոքրանալ, գույնը փոխել: Միաբջիջ օրգանիզմը սովոր է կծկվել:
Վիրավորական ալիքից հետո հեռացրեցիք տեսանյութը: Ինչու՞:
Հեռացրեցի, դադար վերցրեցի, մտքերս հավաքեցի ու ասացի՝ անելու եմ ու թքած, թե ինչ եք հակադարձելու: Ու անում եմ, մանավանդ, որ նյութ հանել-դնելը դարձավ PR քայլ:
Ընդհանրապես լարված իրավիճակներում կա միայն մեկ ընտրություն՝ անել, թե չանել այն, ինչը անում էիր հանգիստ ժամանակ:
Ամբողջությամբ՝ media.am