Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ հարցը ԵՄ պատասխանատուների հետ հանդիպումներում անընդհատ բարձրացնում են:
«Ես հասկանում եմ, որ այս հարցը մեր հասարակությանը շատ է հուզում, քանի որ մուտքի արտոնագրեր ստանալու հետ կապված խնդիրներ են առաջանում»,– նշեց ԱԳ փոխնախարարը:
Վիզաների վերաբերյալ երկխոսություն սկսվել է 2014 թվականից, բայց այդ գործընթացի մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշումից:
«Այստեղ խոսքը վերաբերում է անվտանգության, սոցիալական ապահովության հարցերին, Հայաստանի կողմից եվրոպական երկրներում անօրինական հիմունքներով գտնվող սեփական քաղաքացիներին ընդունելու պատրաստակամությանն ու կարողությանը, տեղեկատվության փոխանակմանը: Սրանք հարցեր են, որ առանձին երկրների համար բարձրացվում են»,- ասաց Արմեն Պապիկյանը:
Բրյուսելում նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: ՀՀ Ազգային Ժողովը 2018-ի ապրիլի 11-ին վավերացրել է համաձայնագիրը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրը եվրոպական կողմից վավերացրել են Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում վիզաների ազատականացման գործընթացի համար: