ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում են մի շարք մարզպետների ազատման և նոր մարզպետների նշանակման մասին որոշման նախագծերը: Ըստ այդմ, Տավուշի մարզի մարզպետի պաշտոնից կազատվի Հովիկ Աբովյանը, փոխարենը կնշանակվի Իջևան քաղաքի ավագանու անդամ Վահե Ղալումյանը:
Aysor.am-ի հետ զրույցում Վ. Ղալումյանն ընդգծեց՝ մարզպետի պաշտոնում իր նշանակվելու մասին բոլորի պես իմացել է ԶԼՄ-ներից: Հարցին՝ սպասո՞ւմ էր նման նշանակման, պատասխանեց.
«Ինձ որևէ պաշտոն տալու, առավել ևս՝ մարզպետի պաշտոնը վստահելու մասին ՀՀ վարչապետի հետ երբեք չենք խոսել, իրենից որևէ առաջարկ չեմ ստացել ո՛չ նախկինում, ո՛չ էլ վերջին շրջանում: Եթե անկեղծ՝ սպասում էի, որ գործադիրում ինչ-որ մի տեղ կարող եմ պիտանի լինել, բայց թե ո՞ր գործառույթով, չգիտեմ: Իհարկե, խոսակցություններ կային, քաղաքից շատ են դիմել, տարածաշրջանից եմ բազմաթիվ զանգեր ստացել այդ հարցմամբ, բայց դա մարդկանց զուտ զգացմունքային ֆոնի վրա էր»:
Դիտարկմանը՝ հնարավոր է արդյոք վաղը հրաժարվի իր նոր պաշտոնից, նշեց.
«Այս պահին նման որոշում չունեմ: Կարծում եմ՝ իմ պատկերացումները մարզպետի գործունեության վերաբերյալ ճիշտ են, կարող եմ այդ գործունեությամբ զբաղվել»:
Ապագա մարզպետը գործող մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքին չի շտապում գնահատականներ տալ, մարզային խնդիրների մասին էլ դեռևս չի բարձրաձայնում, միայն ընդգծում է՝ խնդիրները շատ-շատ են, որոնք խորությամբ ուսումնասիրման և կառավարության հետ համատեղ լուծումներ գտնելու անհրաժեշտություն ունեն:
«Պետք է ուսումնասիրել մարզպետարանի գործունեությունը, միջից ծանոթանալաու դեպքում կհասկանամ՝ ինչը ոնց է: Մեկտեղ՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը պետք է հասցնենք նաև մարզեր», – նկատեց նա:
Aysor.am-ը շուրջ 3 շաբաթ առաջ Վահե Ղալումյանի հետ զրուցել էր ոչ միայն վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, այլև՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններ մասին: Այս անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք ծնունդով իջևանցի վարչապետին ու ապագա մարզպետին կապում են նաև արյունակցական, բարեկամական կապերը:
«Ոչ, նման բան չկա, ես և վարչապետն արյունակցական կապեր չունենք», – ասաց մեր զրուցակիցը:
aysor.am