Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ախալքալաքի մշակույթի կենտրոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետին ուղեկցում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանը վճռական է դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում:
«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ, հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ տեղ է հասել և այդ ուղերձը, այն ունի կոնկրետ արտահայտում և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Զանելիձեն ասաց, որ Վրաստանը ուշադիր հետևում էր Հայաստանում զարգացող ներքաղաքական իրադարձություններին:
« Մենք եկանք այն եզրակացության, որ ժողովրդի միասնականությամբ և պարոն Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ ժողովրդավարությունը հաղթեց»,- ասաց Զանելիձեն:
Վրաստանի ԱԳՆ նախարարի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում եկել են այն մտքին, որ դեռ շատ բան կա անելու երկու երկրների առաջընթացի և հարաբերությունների զարգացման համար:
« Հայաստանն ունի հազվագյուտ հնարավորություններ միջազգային ասպարեզում, Վրաստանը նույնպես ինտեգրման բազմաթիվ ուղղություններ է վերցրել, և մենք՝ երկու պետություններս, ամեն ինչ կանենք, որպեսզի օգտագործենք այդ հնարավորություններն ի բարօրություն մեր երկու երկրների»,- եզրափակեց Ջանելիձեն: