ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ իրենց կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում աշխատակազմի ղեկավարը նշեց, որ առաջիկայում կկրճատվեն ինչպես ծառայողական մեքենաների թիվը, այնպես էլ դիզվառելիքի վրա ծախսվող միջոցները:
«Մեր նախնական դիտարկումներով՝ եղել են բազմաթիվ անտրամաբանական ու չարդարացված ծախսեր: Խոսքը գնում է ծառայողական մեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին: Շուտով կտեղեկանաք այդ մասին: Մեր կառավարությունը գործելու է անհամեմատ արդյունավետ, դա միանշանակ է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը մոտ 110 է, ու, իրենց հաշվարկներով, դրանց 30 տոկոսը ենթակա են կրճատման: Նախարարությունների մեքենաների թիվն այստեղ ներառված չէ, հետևաբար, ըստ պաշտոնյայի, դրանք ևս պետք է ուսումնասիրության ենթարկվեն:
Ինչ վերաբերում է դիզվառելիքի չարաշահումներին, ապա Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ այստեղ ևս մեծ խնայողությունների տեղ կա: «Այս պահին կառավարության վարչությունների և բաժինների ղեկավարներին տրամադրվող դիզվառելիքի շաբաթական չափը կազմում է 300 լիտր: Սա մեր բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված է՝ հաշվի առնելով այն, որ նրանք տանից գալիս են աշխատանքի, հետ վերադառնում: Այս քանակը որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,- հավելեց Աղաջանյանը:
Նա նշել է նաև, որ եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա բոլոր նախարարները ևս այդ տարբերակով պետք է գնան գործուղումների:
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Աստանա այցն իրականացրել է էկոնոմ դասի չվերթով՝ թե գնալը, թե հետադարձը: Այսուհետև սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը»,- ասաց Աղաջանյանը: Նա նշեց, որ այս ուղղությամբ ևս ծախսերը կտրուկ կրճատվելու են, իսկ պաշտոնյաներին ուղեկցող անձնակազմը լինելու է միայն անհրաժեշտության դեպքում:
«Ուղեկցողների թիվը պայմանավորված է լինելու միայն անհրաժեշտությամբ, և որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,- հավելեց պաշտոնյան:
2016-ին միջոցներ են հատկացվել 951, 2017-ին՝ 915, 2018-ին՝ 902 ծառայողական մեքենաների համար: