Երևանում հունիսի 2-5-ը կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ:
Փառատոնին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իրանի, Վրաստանի 4 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը նշեց, որ փառատոնը երաժշտական տոն է դարձել պատանիների համար, այն մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարողական վարպետությունը ներկայացնելու առումով:
«Այս տարի բավական թվով երեխաներ ունենք արտերկրից: Այս փառատոնը կարևոր է նոր տաղանդների բացահայտման առումով, իսկ մենք այդ ներուժն ունենք: Փառատոնի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մասնակից բազմաթիվ պատանիներ այսօր համաշխարհային բեմերում են: Մենք ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր համերգային շրջագայության ժամանակ ԱՄՆ կոնգրեսում հուզել են ներկաներին, ունենք մասնակիցներ, ովքեր միջազգային կարևորագույն մրցույթների հաղթողներ են: Դա հպարտություն է»,-ասաց Սիլվա Մեքինյանը:
Փառատոնի շրջանակում անցկացվող 4 համերգից երեքը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ եզրափակիչ համերգը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մասնակիցների համար կկազմակերպվեն ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, այցելություն Հայաստանի թանգարաններ և պատմամշակութային վայրեր: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն Փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, դասախոս Նոնա Ոսկանյանը նշեց, որ այս տարվա համերգը նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:
«Մեր մասնակիցների թվում այս տարի շատ են հայ երաժիշտները: Մասնակիցները նվագում են տարբեր գործիքներ՝ ակադեմիական, ժողովրդական: Մենանվագ կատարումներում ընտրված են ամենատարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Լավագույններն արդեն կնվագեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,-ասաց Նոնա Ոսկանյանն՝ ընդգծելով, որ կան պատանիներ, ովքեր մի քանի անգամ են մասնակցում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգայինմրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի խոսքով՝ այս փառատոնը լավ փորձառություն է ապագա երաժիշտների համար:
«Ընդհանրապես այս փառատոնային մթնոլորտը, շփումները, նոր կապերը շատ կարևոր են մասնակիցների համար: Մասնագետները հանդես են գալիս զուգերգերով, կատարումներով, իսկ ահա նվագախմբով ելույթ ունենալն ընդհանրապես մեծագույն փորձառություն է»,-ասաց Հարություն Արզումանյանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) աջակցությամբ: