Անկարայում 1983 թվականին մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի անդամ Լևոն Էքմեքչյանի ոսկորների փոխարեն Թուրքիան ընտանիքին է փոխանցել 55-ամյա մի կնոջ ու շան ոսկորներ: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, այս մասին հայտնել է Լևոնի եղբայր Դրո Էքմեքչյանը:
1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի կազմում գործող «Խրիմյան Հայրիկ» ջոկատի մարտիկները գրոհել էին Անկարայի Էսենբողա օդանավակայանը: Արդյունքում զոհվել էր 9 մարդ, իսկ օդանավակայանն անցել էր ջոկատի վերահսկողության տակ: Թուրքերը լրացուցիչ ուժեր էին բերել և շրջափակել էին օդանավակայանը: Գործողության ճնշումից հետո հրամանատար Զոհրաբ Սարգսյանը ինքնասպան էր եղել, իսկ Լևոն Էքմեքչյանը կալանավորվել և տեղափոխվել էր թուրքական բանտ, որտեղ և 1983 թվականի հունվարի 28-ին երկարատև կտտանքներից և խոշտանգումներից հետո կախաղան էր հանվել:
Լևոն Էքմեքչյանի մահից 33 տարի անց՝ 2016 թվականին ընտանիքի պահանջի համաձայն Թուրքիան Ֆրանսիա էր ուղարկել Էքմեքչյանի ոսկորները: Գործընթացում մեծ ներդրում էր ունեցել Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան, որի ներկայացուցիչ Մերալ Չըլդըրը հայտնել էր, որ Էքմեքչյանի գերեզմանը մատնանշող որևէ նշան, քար կամ փայտի կտոր չկար: «Խոտերով պատված մի տարածք էր: Մոտ 1,5 ժամ փորման աշխատանքներից հետո հասանք ոսկորներին: Հայկական կրոնական ավանդույթների համաձայն՝ մահացածին դագաղով են թաղում: Էքմեքչյանը թաղված էր առանց դագաղի»,- նկատել էր նա:
Այս հայտարարությունից հետո ընտանիքը Լևոն Էքմեքչյանի ոսկորները ԴՆԹ անալիզի էր հանձնել: 2 տարի տևած ուսումնասիրությունները պարզել էին, որ ոսկորները պատկանում են 1,45 սմ հասակ ունեցող 55-ամյա մի կնոջ: Դրո Էքմեքչյանի խոսքով՝ ոսկորների մեջ եղել են նաև շան կամ գայլազգիներին պատկանող կենդանու ոսկորներ:
Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր ուսումնասիրություններ կսկսեն Էքմեքչյանի իսկական գերեզմանը գտնելու և նրա մասունքները ընտանիքին վերադարձնելու նպատակով: Ակնկալվում է, որ ասոցիացիան այս հարցով մամուլի ասուլիս կհրավիրի: