Իտալական ընկերությունն առաջարկում է Երևանի ՋԵԿ–ի հարևանությամբ նոր ՋԵԿ կառուցել։ Կառավարությունը դեռ ուսումնասիրում է ներդրումային առաջարկը։
«Ռենկո» ընկերությունը մտադիր է Հայաստանում ՋԷԿ կառուցելու գործընթաց սկսել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվելով, թե ինչ փուլում են իտալական ընկերության հետ բանակցությունները։
Զեյնալյանը տեղեկացրեց, որ մի քանի անգամ հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ, պայմանագիրը հայերեն թարգմանությամբ դրված է շրջանառության մեջ, էներգետիկայի նախարարությունն էլ առաջիկա երկուշաբթի օրը կներկայացնի փորձաքննական եզրակացության արդյունքները։
«250 էջանոց պայմանագիրը մենք ուղարկել են Էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի մասնագիտական եզրակացություն տան` «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգետիկ համալիրի վերաբերյալ»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ պայմանագրի` շինարարությունը նախատեսվում է սկսել 3 ամիս հետո, այն կտևի 25 ամիս և կառավարությունն իր վրա 20 տարվա պարտավորություն է վերցնում` լուծելու նորակառույց ՋԵԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սպառման խնդիրը։
«Իրենց արտադրած էլեկտրաէներգիան ՀՀ-ում լինելու էր ավելցուկային և ներքին շուկայում սպառում չէր ունենալու, իսկ մենք իրանական կողմի հետ ունենք պայմանագիր` մինչև 2026թ-ը։ Էներգետիկայի ինստիտուտը պետք է տա իր եզրակացությունը, որպեսզի կառավարությունը կարողանար դրա հիման վրա ձևավորել իր վերջնական դիրքորոշումը»,- ասաց նախարար Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արագացնել գործընթացը` պոտենցիալ ներդրողին չկորցնելու համար։
«Եթե մենք ասում ենք` այո, մենք պետք է արագ ասենք` այո, եթե պետք է ասենք` ոչ, արագ ասենք` ոչ։ Հակառակ դեպքում այդ ձգձգումները կարող են այլ տպավորություն թողնել»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ մայիսի 17-ին Փաշինյանն ընդունել էր իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Հանդիպման ընթացքում նշվել էր, որ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը կարժենա 300 մլն դոլար։
Կառուցվող ՋԵԿ-ը կունենա 250 մեգավատ հզորություն։ Շինարարության ընթացքում կստեղծվի շուրջ 1000 նոր աշխատատեղ։