Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Tert.am Life–ն այս առիթով զրուցել է դերասանուհի Իրինա Հարությունյանի հետ։ Վերջինս 2 որդի ունի` ավագը շուտով կբոլորի 16 տարին, կրտսերը երկուսուկես տարեկան է։ Դերասանուհին փաստում է` երեխաների պաշտպանության հարցում մայրական բնազդը շատ ուժեղ է։
«Երեխայի պաշտպանությունը սկսվում է չծնված ժամանակից։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ հղի կանայք անկախ իրենցից միշտ գրկում են փորը, ինչը նշանակում է, որ ենթագիտակցորեն սկսում են պաշտպանել իրենց երեխաներին։ Դա շարունակվում է ամբողջ կյանքում` անկախ նրանից, թե երեխան քանի տարեկան է,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ նույն ուժով փորձում է պաշտպանել և՛ 16–ամյա, և՛ 2–ամյա որդուն։ –Իհարկե, պաշտպանություն ասվածը յուրաքանչյուրի դեպքում մի դրսևորում է ունենում։ Օրինակ, փոքրիկս հիմա շատ ակտիվ է, նաև ֆիզիկապես եմ պաշտպանում իրեն, ավագ որդիս նման պաշտպանության կարիք չունի, սակայն իր դեպքում էլ այլ պաշտպանություն է առաջ գալիս։ Ծնողներն իրենց երեխային պաշտպանում են ամեն ինչից, որպեսզի երբևէ խնդիր չունենա։ Ես ինձ էլ եմ երեխա համարում։ Փառք Աստծո, մայրս կողքիս է և հարկ եղած դեպքում զգում եմ այդ ծնողական պաշտպանությունը»։
Դերասանուհին կարևորում է, որ երեխաները մեծանան առողջ մթնոլորտով ընտանիքում, պաշտպանված լինեն առաջին հերթին ընտանիքում, միաժամանակ, հետևում է, որ երեխաները պաշտպանված լինեն նաև հասարակության մեջ։
Հայկական ընտանիքներում, երբեմն, կիրառվում է ձեռքի ուժ, Իրինան խոստովանում է, մեկ–երկու անգամ ինքն էլ է դիմել թեթև ապտակի օգնությանը, հետո գիտակցել է սխալը։ «Ավագ որդիս հիմա անցումային փուլում է, որոշակի բարդություններ կան, սակայն խոսքը շատ ավելի ազդեցիկ է։ Չեմ թաքցնի, մեկ-երկու անգամ փորձել եմ թեթև ինչ–որ ուժ կիրառել, սակայն հասկացել եմ, որ շատ սխալ եմ։ Այդպես ես կընկնեմ երեխայիս աչքից։ Դրանով ոչ թե հարգանք ես ձեռք բերում, այլ կորցնում։ Մեր ընտանիքում ուժ ընդհանրապես չի կիրառվում։ Ինքս էլ իմ ծնողից չեմ տեսել նման բան։ Խոսքի ուժը շատ ավելի ազդեցիկ է, իսկ ձեռքի ուժ կիրառում են այն մարդիկ, ովքեր խոսքով չեն կարողանում իրենց ասելիքը տեղ հասցնել։ Կարող ես զայրանալ, բայց ձեռքի ուժ չկիրառել։ Ես էլ, ամուսինս էլ դեմ ենք դրան»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am