Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 մարդ, բնակիչները փողոց են փակել՝ ի նշան բողոքի. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 մարդ, բնակիչները փողոց են փակել՝ ի նշան բողոքի. tert.am

Երեկ Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Երեկ միջադեպ է գրանցվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև, սակայն վիճաբանության առիթը կենցաղային հարցեր են, հատուկ ջոկատայինները ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակեցին Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջում էին ձերբակալել հատուկ ջոկատայիններին: Ես ևս այնտեղ էի, քաղաքացիների հետ խոսեցինք, ոստիկանությունն առաջիկայում պարզաբանում կտա»,-ասաց Հայկ Խանումյանը՝ ավելացնելով, որ քննություն է տարվում դեպի առնչությամբ:

Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 1-ին ժամը 19:

25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը՝ նշելով, որ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։ Նրանք ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում, իսկ ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տիգրան Գրիգորյանը մասնավորապես գրել է.

«Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։ Նրանց մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցեց Բակո Սահակյանի հավաստիացումը այն մասին, որ մեղավորները պատժվելու են, սակայն մարդիկ դեռ մի քանի ժամ չէին ցրվում ու փողոցը չէին բացում։ Միայն գիշերվա մեկի կողմերը համաձայնություն ձեռք բերվեց, որ փողոցը բացվում է և իշխանություններին մինչև 11։00 ժամանակ է տրվում, որ ծեծին մասնակցած հատուկ ջոկատայինները ձերբակալվեն։ Պահանջը չկատարվելու դեպքում փողոցը կրկին փակվելու է։

Ծեծի ենթարկվածներից մի հոգին ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի ազգականն է։ Մինասյանը հավաքված մարդկանց անունից գլխավոր բանակցողն էր։

Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԱԾ սպեցնազը տարբեր մարդկանց ծեծի է ենթարկում ու ահաբեկում։ Կարծում եմ` այն պարզապես պետք է ցրվի կամ փոխանցվի բանակի ենթակայության տակ։ Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարությունը ևս պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոններից»:

Միջադեպին անդրադարձել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա «Ֆեյսբուք»–ի իր էջում գրառել է, որ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին.«Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է»:

Ռուբեն Մելիքյանը նաև հայտնել է, որ սկսելու են քննարկում և հանդես են գալու հայտարարությամբ:

tert.am