Օրենքով գողը յուրահատուկ ֆենոմեն է, որը գործում է առավելապես նախկին ԽՍՀՄ երկրներում։ Այն հանցագործների գերագույն կաստա է, որտեղ գտնվողներն ապրում են իրենց փակ աշխարհում, սեփական, մյուսների համար ոչ միշտ հասկանալի օրենքներով։
Հունիսի 2-ին Մոսկվայում ձերբակալվել է Իլգար Ալիևի սպանության մեջ կասկածվող, քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը՝ նույն ինքը Դեդ Հասանը։
Երևանում մի քանի օր առաջ ոստիկանները ցրել էին օրենքով գողերի հավաքը։ Ուժային գերատեսչության մայիսի 31-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ գողերին խորհուրդ են տալիս այսուհետ զերծ մնալ նման միջոցառումների անցկացումից։ Ավելի ուշ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ հավաքի նախօրեն իրավապահ մարմինները Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, ստիպել են լքել Հայաստանը:
Դեռ պետք է պարզել, թե ինչպես են կապված այդ իրադարձությունները։ Իսկ մինչ այդ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչպիսին է այսօր գողական աշխարհը Հայաստանում և ինչ է այն իրենից ներկայացնում։
Վերջինը Մոհիկանը և նրա հետնորդները
Հայաստանում հիմա կան 10-12 օրենքով գողեր, Sputnik Արմենիային գաղտնիության պայմանով պատմեց երկրի իրավապահ մարմինների վետերանը։ Նա կարծում է, որ օրենքով գողերի ավագ սերունդը գրեթե ամբողջությամբ հեռացել է ասպարեզից։ Այդ սերնդի միակ ողջ ներկայացուցիչը Վանիկն է (Վանիկ Տեր-Պողոսյանը)։ Նա 82 տարեկան է։
«Վանիկը լուրջ մարդ է, բայց նա ծեր է, և առողջությունն էլ այն չէ։ Վանիկը փորձում է ոչ մի բանի չմիջամտել, զբաղված է իր գործերով։ Նա բենզինի ոչ մեծ բիզնես ունի, դրանով էլ ապրում է»,- պատմում է մեր զրուցակիցը։
«Մի ժամանակ «հին գվարդիան» ներկայացրել են Վզգոն (Վազգեն Ներսիսյանը), Կնդոն (Մաելս Մկրտչյանը), Լենինականցի Ասոն (Ասատուր Պետրոսյանը), Խոյը (Ռաֆիկ Խոյեցյանը), Գիժ Կառլենը (Կառլեն Թովմասյան) և ուրիշներ։ Նրանք արդեն չկան, մահացել են հիվանդություններից կամ ծերությունից։ Դրանով Հայաստանը տարբերվում է մյուս հետխորհրդային երկրներից։ Այնտեղ գողերը հազվադեպ են այն աշխարհ գնում իրենց մահով»,- պատմում է աղբյուրը։
Ինչ վերաբերում է Հայաստանում այսօր ակտիվ գործող օրենքով գողերին, մեր զրուցակիցը նշեց Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան), Լենինականցի Սուրոյին (Սուրեն Ավետիսյան), Լենինականցի Զապին (Անդրանիկ Սաղոյան), Մանեթի տղա Սաքոյին (Սամվել Հարությունյան), Աֆոյին (Ռաֆայել Խոյեցյան), Ժիրոյին (Ժիրայր Բրուտյան), Ալոյին (Ալեքսանդր Մակարյան), Կոնչոյին (Նորայր Փիլոյան)։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am