
Ներդրումային և առևտրային քաղաքականության մասնագետ Գևորգ Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է սուպերմարկետների հետ կապված աղմկահարույց պատմությունը։
Փորձագետը կարծում է, որ մինչ այս պահը որևէ մեկը չի անդրադարձել մի կարևոր հարցի։
«Եթե ժամանակին թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն ՀՀԿ-ի հսկողության տակ էր, ինչո՞ւ այն ժամանակ օրենք չընդունվեց, որով սուպերմարկետներին հնարավորություն կընձեռվեր միրգ ու բանջարեղեն վաճառելիս 5 տոկոս շրջանառության հարկ վճարել, և այդ ամենը տեղի ունեցավ ոչ ֆորմալ պայմանավորվածությունների շրջանակում»,- ասում է Թորոսյանը։
Նրա խոսքով` աբսուրդ իրավիճակ է։ Մի կողմից իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում էր, կարող էր այդ քայլին գնալ, մյուս կողմից` ոչ ֆորմալ համաձայնություններ են ձեռք բերվել, որին մասնակցել են իշխանական հիերարխիայի բոլոր գլխավոր խաղացողները։
«Իսկ ականը դրվել է 2000-ականներին, ու ական դնողը եղել է Քոչարյանի վարչակազմը»,- նշում է Թորոսյանը։
Նրա խոսքով` երբ Հայաստանի Հանրապետությունը որոշեց անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այդ ժամանակ ոչ մի քայլ չարվեց, որպեսզի տեղական գյուղմթերք արտադրողներին պաշտպանեն ներմուծողներից։