Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչ, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին և հրաժարական չտվեց :
-Պարոն Հարությունյան, դուք մշտապես ապահովել եք ՀՀ նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգությունը, համարվել եք իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նա հրաժարական տվեց, ինչո՞ւ եք դուք մնացել :
-Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում:
-Իսկ Դուք անձամբ փորձե՞լ եք հրաժարական տալ, ասել, որ չեմ ուզում աշխատել նոր թիմի հետ:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ չպետք է հավատարիմ մնամ իմ զինվորական սկզբունքներին:
-Լավ, մնացել եք համատարիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս Ձեզ ընդունեց, չքննադատե՞ց Ձեզ` նախկին աշխատելաոճի հետ կապված:
-Ո՛չ, շատ լավ:
-Չի էլ քննադատե՞լ:
-Ո՛չ, ո՛չ, խնդիր չի առաջացել:
-Իսկ կարողանո՞ւմ եք համագործակցել, հասկանալ միմյանց:
-Շատ նորմալ է:
-Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք իր հրաժարականից հետո :
-Ո՛չ:
-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար իր հետ հանդիպելու:
-Առիթ չի եղել:
-Իսկ ինքը ո՞նց ընդունեց Ձեր մնալը համակարգում:
-Դա պետք է իրեն հարցնեք, ինձ մի՛ հարցրեք:
-Սերժ Սարգսյանի օրոք պարբերաբար ուժեղացվում էր նրա անվտանգության պահպանությունը: Ավելին` նրա դեմ ահաբեկչական գործողության իրականացման փորձերը իրավապահների կողմից կանխվեցին, և այսօր անգամ կան կալանավորվածներ: Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ի՞նչ վիճակ ունեք:
-Վիճակը նորմալ է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դարձյալ կուժեղացնենք:
-Հիմա վտանգ չեք տեսնո՞ւմ, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց բացահայտումներ են իրականացվում նախկին պաշտոնատար անձանց գործունեության մասով:
-Գիտեք, պահպանությունը դա համալիր միջոցառումներ են, շատ բան դուք կարող եք տեսնել, շատ բան կարող եք չտեսնել, եթե երկու մեքենա է ուղեկցում, դա չի նշանակում, որ վարչապետի պահպանությունը թույլ է իրականացվում. կան իրականացման տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ, այնպես որ հանգիստ եղեք:
Ամբողջական հոդվածը armlur.am