ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցին
Հայաստան, Երևան, 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,
Գյումրու Ավագանու անդամ Լ. Բարսեղյանից
27 մայիսի, 2018
Դիմում-2
Հարգելի տիկին նախարար,
Դիմում եմ Ձեզ Շիրակի երկրագիտական թանգարանը փրկելու խնդրանքով:
Շիրակի երկրագիտական թանգարանը հիմնվել է 1930 թվականին, մինչև երկրաշարժը ունեցել է գործունեության համար բարենպաստ պայմաններ, սակայն արդեն 30 տարի է, ինչ գործում է մի վթարային շինության մեջ (նախկին սեփական տուն) և ցուցանմուշների պահեստ է հիշեցնում: Գիտաշխատողները անտանելի դժվար պայմաններում են աշխատում: Թանգարանն ունի բավականաչափ մեծ և մրցունակ հավաքածու, որոնց համար չկա որևէ ցուցասրահ և ազգային հարստություն հանդիսացող տասնյակ հազարավոր մասունքները մատչելի չեն հասարակությանը: Այս թանգարանի ունեցվածքը իսկական գանձարան է, դրանում կարող եք համոզվել մեկ կարճատև այց կատարելով: Թանգարանի ֆոնդերը տարեցտարի ավելանում են Շիրակի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերով, և առկա շենքային պայմանները խոչընդոտում են նույնիսկ նոր նյութերի ընդունման գործընթացը: Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցի լուծման ճանապարհը նոր, որպես թանգարան նախագծված շենքի կառուցումն է, որը շատ ավելի հեռանկարային է և էժան, քան որևէ վթարային շենքի ամրացումը և հարմարեցումը:
2013 թվականին, երբ Գյումրիում շահագործման հանձնվեց նոր բժշկական կենտրոնը մի շարք բուժհաստատություններ տեղափոխվեցին նոր շենք և արդյունքում մի քանի շենքեր թափուր մնացին: Թափուր մնացած շենքերից մեկը Գյուլպենկյանի անվան հիվանդանոցն է քաղաքի կենտրոնում, պատմական միջուկում՝ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում:
Իմ նախաձեռնությամբ Գյումրու ավագանին 2013 թվականի ապրիլի 16-ին ուղերձով դիմեց ՀՀ վարչապետին, խնդրելով այդ հիվանդանոցի շենքը ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացնել Շիրակի երկրագիտական թանգարանին, այդ թանգարանը մշակութային կյանք վերադարձնելու և կենսագործնեության անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Սակայն մեր խնդրանքը կառավարությունը մերժեց: Թանգարանը մնաց իր անտանելի պայմաններում: Բազմաթիվ են հրապարակումները թանգարանի խայտառակ պայմանների և աշխատակիցների անձնվեր աշխատանքի մասին:
Նախկին հիվանդանոցի շենքը անշուշտ թանգարանային նշանակություն չունի, բայց թանգարանի այժմյան զբաղեցրած տարածքի համեմատ, հրաշալի հնարավորություն կընձեռի թանգարանին և ավելացնել Գյումրու մշակութային գրավչությունը:
Հիվանդանոցի նախկին շենքի տրամադրման մեր կառավարության մերժումից անցել է ավելի քան 5 տարի, իսկ այդ շենքը մնում է դատարկ և չի օգտագործվում: Այն առայժմ տնօրինում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Այսով դիմում եմ Ձեզ, խնդրելով՝ ուսումնասիրել Շիրակի երկրագիտական թանգարանի հետ կապված իրավիճակը, ՀՀ վարչապետին ներկայացնել խնդիրը, և Գյումրու Գյուլպենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, գոնե ժամանակավոր, տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին, մինչև հնարավոր կլինի նոր շենք կառուցել թանգարանի համար: Ցանկացած աջակցության համար պատրաստ եմ ներդնել իմ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ջանքերը:
Հարգանքներով՝ Լևոն Բարսեղյան
Լուսանկարներում՝ Հիվանդանոցի արդեն 5 տարի է թափուր շենքն է և ՇԵ թանգարանի գործող շենքը: