Երեք մարզում անցկացվելու է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ
Advertisement 1000 x 90

Երեք մարզում անցկացվելու է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ իրականացնել:  Այս հարցը քննարկվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Եվրասիական զարգացման բանկի ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի հանդիպման ընթացքում: Սքրինինգային ծրագիրն իրականացվելու է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերին: Ձեռք է բերվել հետագա սերտ համագործակցությունն ապահովելու պայմանավորվածություն:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը: