Նախարարների ու փոխնախարարների նշանակումների հետ կապված՝ կան վերապահումներ. «Հայկական ժամանակ»
Advertisement 1000 x 90

Նախարարների ու փոխնախարարների նշանակումների հետ կապված՝ կան վերապահումներ. «Հայկական ժամանակ»

Հայ հանրությունը երբեք այնքան ուշադիր չի հետևել կառավարության գործունեությանը, որքան անցած մեկ ամսվա ընթացքում։ Նախկինում, օրինակ, կառավարությունում կադրային նշանակումներն ու փոփոխությունները հիմնականում հետաքրքրում էին լրատվամիջոցներին, որոնք հիմնականում կենտրոնանում էին այդ նշանակումների ինտրիգներին՝ ով ում բարեկամն է, ով ում քավորն է և այլն։

Գործող կառավարության քայլերի նկատմամբ հանրային ուշադրությունը բոլորովին այլ բովանդակություն ունի։ Հանրությունը չափազանց սուր է արձագանքում կադրային անհաջող նշանակումներին… Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը նույնքան անտարբեր լիներ, որքան նախկինում էր։

Բայց կան նշանակումներ, որոնք իրոք խնդրահարույց են։ Եվ այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է պետեկամուտների կոմիտեում իրականացված մի քանի նշանակումների։ Սա չափազանց կարևոր, կոռուպցիայով ներծծված գերատեսչություններից է, որտեղ տարիներ շարունակ գործել են հստակ կարգաբերված և խիստ համակարգային բնույթ ունեցող կոռուպցիոն սխեմաներ։

«Հարկայինի պետ», «մաքսայինի պետ», «պետի տեղակալ», «վարչության պետի տեղակալ», «հարկայինի օպեր» բառակապակցությունները տարիներ շարունակ արդարացիորեն ասոցացվել են ամենաընդգծված կոռուպցիայի հետ։ Ու դա պատահական չէ։ Օրինակ, անցած տարիներին վերը նշված պաշտոններում աշխատած անձանց շրջանում գրեթե անհնար է գտնել որևէ մեկին, որի ունեցած գույքը համարժեք լինի աշխատած տարիներին իր ստացած աշխատավարձին։ Բացառություններ, անշուշտ, կլինեն, բայց դրանք ընդամենը չնչին ու թերևս պատահական բացառություններ են։

Որպես օրինակ, տարիներ շարունակ հարկային և մաքսային ոլորտներում բարձր պաշտոն, ապա նաև ղեկավար աշխատած Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը։ Նրա և նրա ընտանիքի անդամների ունեցվածքը թանկարժեք բնակարանների ու վիլլաների տեսքով ունի շատ լայն աշխարհագրություն՝ Հայաստանից սկսած մինչև Եվրոպա և ԱՄՆ։ Հայտնի է, որ նրա ընտանիքի անդամները ամիսը մի քանի անգամ մեկնում էին Փարիզ՝ հագուստի առևտուր անելու, տանը որպես աղախիններ աշխատում էին ֆիլիպինուհիներ և այլն։ Գագիկ Խաչատրյանից առաջ «մաքսայինի պետ»-ի պաշտոնում աշխատած Արմեն Ավետիսյանը ևս, մեղմ, շատ մեղմ ասած՝ աղքատ մարդկանց շարքին չէր դասվում… Օրինակները կարելի է շարունակել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում



Նման նյութեր