«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափել պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը և մասնակցել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ապագայում դառնաք ընդդիմություն, եթե իշխանությունները շեղվեն երկրի զարգացման ուղուց, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Միշտ էլ հնարավոր է, եթե ճանապարհից շեղվեն, բայց հիմա ես համոզված չեմ, որ նման բան կա։ Ինձ համար Հայրենիքն առաջնահերթ է»։
Նա ասաց, որ հիմա իրենք շարունակում են մնալ իշխանություն ու սատարել կառավարությանը։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ տեղեկություններ կան, որ ձեր փոխարեն նշանակելու են ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին, որը նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել, Ա. Հարությունյանն պատասխանեց, որ նման բան չկա.
«Ձեր հարցադրումը տեղին չէ, նման որոշում չկա։ Ինձ համար մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, որովհետև նա իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, նա հատուկ հարգանքի է արժանի իմ կողմից, գնահատում եմ նրա գիտելիքը, նրան ճանաչում եմ վաղուց, բավականին մեծ փորձ ունի տնտեսության կառավարման մեջ, բայց որոշումն ուրիշ է լինելու»։
Ոչ մեկը չի կարող ճնշում գործադրել իմ կամքին, այսօր լրագրողներին ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը։
«Քաղաքական իմ տեսակետները ես միշտ արտահայտել եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հրաժարականով շատ բան չի կորցնի երկիրը։
«Բայց շատ բան կշահի, չեմ տեղափոխվելու ոչ մի տեղ, երբ որ ես նշանակվել եմ, ժառանգել եմ մի սենյակ, որտեղ հանգստի սենյակում միայն թղթեր էին թափված, նա, ով ինձ փոխարինելու է, միշտ լինելու եմ կողքին կանգնած իմ գիտելիքներով ու իմ անցած ճանապարհով», – ասաց նա։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը կառչած չէ աթոռին. «Ունեմ երկու տարեկանը չլրացած աղջիկ, ուղիղ վեց օր արթուն չեմ տեսել, բայց իմ ամենամեծ հաճույքը գրկելն է նրան ու համբուրելը, ես էլ եմ ուզում մի քիչ իմ ընտանիքի հետ շփվել»,- նշեց Ա.Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ ինքը դավաճան չէ, տարիները ցույց կտան։