Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. հայացք ներսից. shantnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. հայացք ներսից. shantnews.am

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 2 միլիոն 969 հազար: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ազգային վիճակագրական ծառայությունից:

Մինչ այդ, նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում վերջին անգամ մարդահամար անցկացվել է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: Նշված ժամանակահատվածում անցկացված մարդահամարի արդյունքներին ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքի ծնվածների և եկողների հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը։

Դրանից բացի՝ պետք է հաշվի առնել, որ մարդահամարի արդյունքներով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական բնակչություն և առկա բնակչություն:

Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում՝ ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Իսկ առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում՝ ներառյալ ժամանակավոր բնակվողները:

Անդրադառնանք մշտական բնակչության թվաքանակին

Նախ նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է մոտ 2 միլիոն 981 հազար: Այսինքն՝ այն պակասել է շուրջ 12 հազարով:

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս մշտական բնակչության թվաքանակը ըստ մարզերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ.

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, շուրջ 2 մլն 969 հազար մշտական բնակիչներից մոտ 1 մլն 77 հազարը ապրում է մայրաքաղաքում, այսինքն՝ Հայաստանում մշտապես բնակվողների մոտ 1/3-ը կենտրոնացված է Երևանում:

Ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է՝ մոտ 264 հազար մարդ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ մոտ 49 հազար մարդ։ Ընդ որում, ինչպես տեսնում եք գրաֆիկայում, բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում, բացի մայրաքաղաքից։ Ավելին, նախորդ տարվա համեմատ Երևանում բնակչության թիվն ավելացել է մոտ 400-ով: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքը Շենգավիթն է` 140 հազար: Իսկ ամենաքիչ բնակիչ ունեցող համայնքը Նուբարաշենն է: Այստեղ ապրում է մոտ 10 հազար մարդ:

Իսկ ամենից շատը՝ 3700-ով, նվազել է Շիրակի մարզի մշտական բնակչությունը։ Պատճառը կարծես թե ակնհայտ է: Որ Շիրակը ամենաաղքատ մարզն է և գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի, խոստովանել էր նաև նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:

shantnews.am