Հունիսի 8-ին կլրանա ուղիղ մեկ տարին, ինչ մեր կողքին չէ անվանի ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր ու ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն (Չիկո) Թութունջյանը: Հենց այդ օրը ճանաչված ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանը, հանրությանը կներկայացնի հոր հեղինակած՝ «Ջազը Հայաստանում» ռուսալեզու գրքի հայերեն տարբերակը, որի հրատարակման գործընթացը սկսել էր դեռևս Ա. Թութունջյանը:
«2014 թվականին լույս տեսավ հայրիկիս հեղինակած «Ջազը Հայաստանում» ռուսալեզու գիրքը, որը ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման և զարգացման պատմությունը, այդ պատմությունը կերտող երաժիշտներին, արվեստագետներին: Գրքի հրատարակումից արդեն 4 տարի է անցել: Այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ջազային իրադարձություններ՝ ջազ-փառատոններ, համերգներ, ի հայտ են եկել բազմաթիվ երիտասարդ անուններ, որոնք, տրամաբանորեն դուրս էին մնացել առաջին գրքից: Գրքի նոր, հայերեն տարբերակում ավելացվել են 2014-2017 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, կան նաև բազմաթիվ նոր անուններ», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնել է Հայկ Թութունջյանը:
«Ես գիտեի, որ նրա մեծ ցանկությունն էր հրատարակել այդ գրքի հայերեն տարբերակը, սակայն տեղյակ չէի, որ աշխատանքի մեծ մասն արդեն կատարված էր: Հորս վախճանից ամիսներ անց իր կրտսեր գործընկեր, դաշնակահար Ռաֆայել Պետրոսյանն ինձ ասաց, որ հայրս իրեն ասել էր, որ գրքի հայերեն տարբերակը գրեթե պատրաստ է տպագրության», – նշել է զրուցակիցը:
Ջազը Հայաստանում բավական ակտիվ կյանքով է ապրում, ի հայտ են գալիս նոր անուններ: Դիտարկմանն՝ արդյոք դա չի ենթադրում, որ ժամանակ առ ժամանակ գիրքը վերահրատարակվելու ու վերջին զարգացումներն իր մեջ ներառելու անհրաժեշտություն ունի, պատասխանեց.
«Դա իմ մեծ ցանկությունն է, վստահ եմ՝ նաև հորս ցանկությունն է եղել, երբ նա սկսեց այս ահռելի աշխատանքը` այդչափ մանրամասն և հետաքրքիր ձևով պատմել հայկական ջազի 80-ամյա պատմություն»: