Այս անգամ սցենարը 98%-ով բաղկացած է քաղաքականությունից. Հայկ Պետրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այս անգամ սցենարը 98%-ով բաղկացած է քաղաքականությունից. Հայկ Պետրոսյան. life.panorama.am

Երեկ` հունիսի 5-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը ներկայացավ  «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» նոր ներկայացմամբ: Առաջին անգամ բեմում երգիչ, դերասանը միայնակ էր` առանց իր բենդի, չնայած դրան` one man show-ն հագեցած էր երգերով և երաժշտությամբ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշեց, որ իր տեսակն է այդպիսին, նա պարզապես չի կարող բեմում երկար չերգել, ապա հավելեց, որ արդեն մի քանի անգամ նշել է, որ իրեն առավելապես որպես երգիչ է պատկերացնում, սակայն երկրում ստեղծված իրավիճակը նրան ոգեշնչեց և նա գրեց նոր ներկայացման սցենարը:

«Այս անգամ սցենարը 98%-ով բաղկացած է քաղաքականությունից, սակայն սա բարի ներկայացում է, որը, ճիշտ է, ունի սուր անկյուններ, սակայն ես գնահատականներ տվողի դերում չեմ»,- նշեց դերասանը:

Հարցին` արդյո՞ք ճիշտ է, երբ արտիստը շատ է քաղաքականացված լինում, Հայկն ասաց, որ վերջին իրադարձությունների դեպքում ամեն ինչ այլ էր, որովհետև մարդիկ առաջին հերթին քաղաքացիական պայքարի մեջ էին.

«Կարծում եմ, որ պետք չէ տարանջատել մարդկանց և արտիստներին, պետք է առաջին հերթին բոլորին դիտարկել որպես ՀՀ քաղաքացիներ»:

Հայկի խոսքով`  նախքան այս սցենար գրելը, նա այլ ներկայացումով հանդես գալու մտքեր ուներ, սակայն այդ թեման այլևս ժամանակավրեպ է, հիմա հույս ունի, որ կարող է մինչև տարեվերջ խաղալ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» նոր ներկայացումը:

Ի դեպ՝ տոմսերի արագ սպառման հետևանքով, Հայկը և նրա թիմը հասկացան, որ նույն ծրագիրը պետք է ներկայացնեն նաև հուլիսի 8-ին` Հայկի ծննդյան օրը, իսկ մինչ այդ մարզեր մեկնելու ցանկություն կա.

«Ցանկանում եմ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացնել նաև Գյումրիում և Վանաձորում. այն քաղաքներում, որոնք իրենց մեծ մասնակցությունն են ունեցել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին»:

Իսկ ինչ վերաբերում է հուզմունքին, Հայկ Պետրոսյանը խոստովանեց, որ ներկայացման պրեմիերան համեմատում է երիտասարդ տղայի հետ, ով ծաղկեփնջով գնում է հանդիպման` չիմանալով, թե այն ինչպես է ավարտվելու:

Հավելենք, որ դատելով հանդիսատեսի արձագանքից և ծիծաղից` առաջին հանդիպումը  կարելի է ստացված համարել:

life.panorama.am



Նման նյութեր