Գերմանիայի Lidl առևտրական ցանցի՝ Նիդեռլանդների մասնաճյուղերը սիգարետներն իրենց տեսականուց կհանեն պահանջարկի բացակայության պատճառով: Նոր միտման մասին հայտնել Stuttgarter Nachrichten թերթը:
Ընկերությունը պլանավորում է այս որոշումն իրականացնել մինչև 2022 թվականը: Իսկ առայժմ Lidl-ը Նիդեռլանդներում միակ խանութն է, որտեղ այցելուներն այլևս չեն կարող սիգարետներ ձեռք բերել: Վերջին տարիների ընթացքում վաճառքները նվազել են և այլևս շահութաբեր չեն: Դա դարձել է թագավորության իշխանությունների բազմամյա քաղաքականության արդյունքը. այսպես, օրինակ՝ խանութներում ծխախոտի արտադրանքը թաքցվել է գնորդների աչքից:
«Նիդեռլանդներում ծխելուց հրաժարվելու բացարձակ հստակ միտում է նկատվում: Դա նկատելի է դրամարկղներում: Մենք չենք ցանկանում մեզ հակադրել ստեղծվող իրադրությանը, ուստի սիգարետների վաճառքների կրճատումը տրամաբանական քայլ է մեզ համար»,- մեջբերում է հրատարակությունը Lidl-ի՝ Նիդեռլանդների ցանցի հայտարարությունը:
Նիդեռլանդների առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարարության պետական քարտուղար Պաուլ Բլոքհյոյսն արդեն ընկերության որոշումը որակել է «ֆանտաստիկ»: Քաղաքական գործիչը հույս ունի, որ Lidl-ի օրինակին կհետևեն նաև սուպերմարկետների այլ ցանցեր: Ապագայում կառավարությունը պլանավորում է ծխելու արգելք սահմանել ռեստորաններում և պատշգամբներում: