«Ամենավտանգավոր բանը քննադատության առաջ փակվելն է»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ իր կյանքում շատ է լսել, որ պատգամավորն այսպես չի լինում, լինում է այնպես, այսպես իշխանափոխություն չեն անում, անում են այնպես, հրապարակում վարչապետ չեն ընտրում, չեն ընտրվում։ Նա ասաց, որ այսօր ոչ մի սխալ բան չլսեց պատգամավորների ելույթներում, ուղղակի մտածելակերպի, մեթոդի տարբերությունն է։
Խոսելով այն մասին, որ իրենց ծրագրում թվեր չկան, Ն. Փաշինյանն ասաց, որ ծրագրում բազմաթիվ թվեր կան. «Մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր։ Կոռուպցիոներների թիվը լինելու է 0, արտոնյալների տոկոսը՝ 0, ՀՀ-ում խոշոր բիզնեսն ամսական ինչքա՞ն նալոգ պետք է տա ՀՀ վարչապետին՝ 0, ՀՀ-ում ինչպիսի՞ մենաշնորհներ պետք է գոյություն ունենան՝ 0։ 25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք, թե այդ թվերն ինչ նշանակություն ունեն։ Կարծում եմ՝ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց պարոն Շարմազանովը։ Նա ասաց՝ սա երազանքների ծրագիր է։ Այո, պարոն Շարմազանով, ձեր կուսակցությունը և կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը, սա երազանքների ծրագիր է ու սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է, ու մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ենք ՀՀ քաղաքացիների երազելու իրավունքը»։
Նա հայտարարեց, որ իրենք որևէ քաղաքական ուժի լավության կարիքը չունեն. «Ուզում եք՝ կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ քվեարկեք, մենք ասում ենք՝ ունենք ժողովրդի վստահությունը, ու այն պետք է դառնա քաղաքական արդյունք»։
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի այն մտքին, թե արդյոք ծանր չէ՞ իշխանության գլխարկը՝ Ն. Փաշինյանն ասաց. «Ծանր չէ, որովհետև եթե ձեզ թվում է՝ իշխանության շուրջ մթնոլորտն այնքան գաղջ է, ինչքան այս դահլիճում է, դուք սխալվում եք։ Շատ հաճելի է իշխանության գլխարկը, որովհետև մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը և վստահությունը։ Դա ծանր չէ, շատ հաճելի է»։
Ն. Փաշինյանի խոսքով՝ հազարավոր երիտասարդներ դիմումներ են գրում ԱԱԾ-ում աշխատելու համար, այնինչ 2 ամիս առաջ նույնքան մարդիկ դիմումներ էին գրում ԱԱԾ-ից դուրս գալու համար։
«Հանգստացեք, հարգելիներս, այս կառավարությունը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու, ՀՀ-ն իսկապես լինելու է ժողովրդավարական երկիր»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Անի Քեշիշյան