Մելքումյանը հիշեցրեց Աշոտյանին, իսկ շատերը հիշեցին հայտնի կաշառակեր դասախոսին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելքումյանը հիշեցրեց Աշոտյանին, իսկ շատերը հիշեցին հայտնի կաշառակեր դասախոսին

Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսօր թեժ վիճաբանություն տեղի ունեցավ Հանրապետական և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների միջև։ ՀՀԿ-ական պատգամավորներին վդովեցրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը, ով Սերժ Սարգսյանի մասին խոսելիս ասաց «քաղաքական բռնապետ»։ Նրան հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ասելով.

«Ես բոլորին կոչ եմ անում կառավարության ծրագիրը շարունակել քննարկել կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոոցիաների ազդեցությանը և չասել բառեր, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել»: Ապա, դիմելով Մելքումյանին, Ֆարմանյանը խնդրեց Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել «քաղաքական բռնապետ» արտահայտությունը՝ իր նշած նախաբանի հանգամանքով պայմանավորված:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վիրավորեց պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ նրան ասելով. «Էշ-էշ դուրս մի տուր»։ Աշոտյանը վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց և հորդորեց քաղաքակիրթ լինել։

Գևորգ Պետրոսյանը, սակայն, վիրավորեց Աշոտյանին, և վերջինը ստիպված եղավ մի քանի անգամ կրկնել. «Ձա՛յնդ, ձա՛յնդ»։ Այդ պահին մի քանի պատգամավորներ խմբվեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների շուրջ և հորդորեցին հանդարտվել։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր ելույթի վերջում ավելացրեց՝ հիշեք, թե ով էր Աշոտյանը «Էլեկտրիկ Երևանի» շարժման ժամանակ՝ հեղափոխությունից առաջ:

Մելքումյանի այս հայտարարությունը թարմացրեց շատերի հիշողությունը նաև այն մասին, թե ով է Միքայել Մելքումյանն առհասարակ։

ԱԺ միջանցքներում, ինչպես նաև լրագրողների շրջանում հիշեցին հրապարակումներն իր հարազատ բուհում (ՀՊՏՀ) կաշառակեր դասախոսի համբավ վայելող Մելքումյանի մասին և իր հայտնի հարցազրույցը, որը ժամանակին հրապարակվել էր լրատվամիջոցներից մեկում.

«Պարզվում է պատգամավորը, ունենալով ահռելի տարածքներ Երևանի ցանկացած վայրում, այնքան խնայող է գտնվել սեփական փողերը տնտեսելու հարցում, որ համալսարանի իր ղեկավարած ամբիոնը դարձրել է «բիզնես կենտրոն»: Ժողինսիտիտուտ է հրավիրում նա իր «կլիենտներին», հանդիպում իր օբյեկտները վարձել ցանկացողների հետ, ոգևորված գներ է կրակում ու հետո բանակցում նրանց հետ, իսկ հետո, ասում են, իր գիտական աստիճանն է մեյդան բերում բիզնեսմեն պատգամավորը, որպեսզի հավատ ներշնչի կլիենտի մոտ:

Որքան էլ զարմանալի թվա համալսարանական, գիտական, պատգամավորական ակտիվ գործունեությամբ զբաղվող պատգամավորն անձամբ է իր հեռախոսահամարը փակցրել վարձակալությամբ տրվող սեփական տարածքների մուտքերի դռներին և անձամբ ինքն էլ զբաղվում է բրոկերությամբ:

Ի դեպ, սրանք բավականին պատկառելի գներ ունեցող տարածքներ են՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում, որոնք պատգամավորի մայրը` Գրետա Սահակյանը (կամ ինքը` պատգամավորը` մայրիկի անունով) սեփականաշնորհել է դեռևս իր փոխնախարար եղած ժամանակ: Ավելորդ չէ նշել, որ Միքայել Մելքումյանը ժամանակին իր պաշտոնական դիրքից օգտվելով՝ այդ ահռելի տարածքները սեփականաշնորհել է ծիծաղելի գներով:

Ասենք, Արմենիա լադայի հարևանությամբ 821 քմ տարածք է սեփականացրել` 5 մլն 733 հազ դրամով՝ 1 քմ-ի դիմաց վճարելով ընդամենը 6990 դրամ (Կոմիտասի 49 շենք), Մոսկովյանի 33 հասցեում 176,9 քմ մակ.՝ 4 ,104,080 դրամով , այսինքն՝ 1 քմ 23,180 դրամով:  Կորյունի 19 ա հասցեում 53.1 քմ մակ.՝ 1 մլն դրամով , ստացվում է՝ 1 քմ-ի դիմաց վճարել է 18,800 դր :Եվ այս շարքը կարելի է շարունակել Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար փողոցների հասցեներով: Նշենք, որ Միքայել Մելքումյանը նույն տարիներին է կառուցել իր եռահարկ շքեղ առանձնատունը՝ ԱԺ-ին հարակից փողոցում (այստեղ խոշոր գործարարների առանձնատներ են)»,-գրում էր panorama.am-ը:

ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Նման նյութեր