«Հարց ունեմ ուղղված այն անձանց, ովքեր շատ ակտիվ են այս պայքարի մեջ». Գրիգոր քահանա Հովհաննիսյան. shoghakat.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հարց ունեմ ուղղված այն անձանց, ովքեր շատ ակտիվ են այս պայքարի մեջ». Գրիգոր քահանա Հովհաննիսյան. shoghakat.am

Գրիգոր քահանա Հովհաննիսյանն անդրադառնում է Հայ եկեղեցու և Մայր Աթոռի դեմ այս օրերին հնչող մեղադրանքներին: «Հարց ունեմ ուղղված այն անձանց, այն մարդկանց, ովեր շատ ակտիվ են այս պայքարի մեջ: Արդյո՞ք իրենք եկեղեցու մեջ կամ մեր հոգևոր սպասավորության ոլորտում կան, գործո՞ւմ են, թե ուղղակի սա առիթ է խոսելու համար: Եթե գործում են, եթե արել են, եթե իսկապես աշխատել են, թերևս իրավունք ունեն, բայց եթե սա ուղղակի խոսելու համար է… Զուգահեռներ ենք տանում թավշյա հեղափոխության հետ, Նիկոլ Փաշինյանը հանկարծակի տեղից դուրս չեկավ և հեղափոխություն ղեկավարեց կամ հաղթանակի հասավ, մարդը 20-25 տարի պայքարի մեջ էր և այդ պայքարի բովում փորձառություն է կրել՝ հալածանքներով, նախատինքներով, ամեն տեսակի բաների միջով անցնելով:

Արդյո՞ք այս մարդիկ այդ ճանապարհն անցել են հոգևոր դաշտում կամ եկեղեցու մեջ, որ հիմա խոսում են. ես կասկածում եմ: Ներողություն եմ խնդրում, չվիրավորեմ որևէ մեկին, բայց կասկածում եմ, որ շատ շատերը, որոնք այսօր համացանցում կամ տարբեր կերպերով եկեղեցու նկատմամբ իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք, խոսքեր ասել, երբեմն հայհոյախառն թե հոգևորականներին, թե եկեղեցուն ուղղված, այս մարդիկ գոնե Ավետարանը կարդացե՞լ են: Ի՞նչն է մեր մտահոգությունը՝ սրտացավությո՞ւն, ուղղել, շտկել, թե՞ անպատվել, անիրավել, բամբասել շատ հաճախ: Հոգևոր խնդիրները չեն լուծվում ամբոխավարությամբ և փողոցներում:

Պողոս առաքյալի խոսքերն եմ ուզում հիշեցնել՝ դուք, որ հոգևոր եք, ինչպե՞ս եք ձեր դատերը հանում անհավատների առաջ: Կարող են ընդդիմախոսել, որ եկեղեցին մեր ողջ ժողովրդինն է և ժողովրդի առաջ պիտի լինի դատը, բայց չմոռանանք, որ մեր ժողովուրդը բազմաշերտ է և հատկապես հոգևոր կրոնական առումով շատ տարակարծություններ ունի և եկեղեցու խնդիրը դնել անբարոյականություն քարոզողների, ուղղակի աղանդավորների, հերձվածողների կամ անհավատների ու աթեիստների առաջ և ասել՝ բերենք եկեղեցու հարց լուծենք, չեմ կարծում, որ սա խելամիտ է, սա ուղղակի խելագարություն է: Որտե՞ղ պիտի քննարկենք մեր խնդիրները, եթե ոչ մեր համայնքներում: Մեր համայնքներում հավաքվենք, քննարկենք, մտահոգություններն արտահայտենք, բարձրաձայնենք, փոխանցենք Մայր Աթոռին, փոխանցենք եպիսկոպոսներին, թեմական առաջնորդներին, Վեհափառ հայրապետին: Ե՞րբ մենք այդ բաներն արեցինք, որ այսօր բողոքում ենք, որ եկեղեցու մեջ խնդիրները չեն լուծվում: Փորձենք մեր բոլոր խնդիրները, հարցերը ոչ թե կոծկել, ոչ թե լռեցնել, այլ բարձրաձայնել, բայց ճշմարիտ ճանապարհով, ոչ թե անհանդուրժողական մթնոլորտ ստեղծելով, հրահրելով, թշմանաք սերմանելով, այլ սիրով և սրտացավությամբ»:

shoghakat.am



Նման նյութեր