CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է CNN հեռուստաընկերությունը:
«Խորին վշտով հաստատում ենք մեր բարեկամ ու գործընկեր Էնթոնի Բուրդենի մահվան փաստը: Նրա սերն արկածների, նոր ընկերների, լավ ուտելիքի ու խմիչքների նկատմամբ, ինչպես նաև աշխարհի մասին նշանավոր պատմությունները նրան պատմության բացառիկ պատմող էին դարձրել: Նրա տաղանդները երբեք չեն դադարեցրել մեզ զարմացնել, մենք շատ կկարոտենք նրան: Այս դժվարին պահին մեր աղոթքները նրա աղջկա ու ընտանիքի հետ են»,- ասվում է հեռուստաընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:
Բուրդենը Ֆրանսիայում էր իր հեռուստածրագրի նոր էպիզոդների նկարահանման նպատակով: Նրա ընկերը ինքնասպան եղած Բուրդենին հայտնաբերել է հյուրանոցի համարում:
CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման՝ Հայաստանի ու Արցախի մասին պատմող էպիզոդը ցուցադրվել էր մայիսի 20-ին: Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում նրան ուղեկցում է հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդենն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, Հայաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններին, լինում Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրերում: Նա համտեսում է հայկական խոհանոցի տարբեր ավանդական կերակրատեսակներ:
Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան ներառել էին «սև ցուցակում»: