ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը նշեց, որ դրանցից առաջինով՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինծառայության զորակոչի ժամանակ տարկետում կամ ազատում տալու գործընթացում վերանայման կարիք ունի քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը: «Հանձնաժողովի կողմից որոշման ընդունումն առաջարկվում է փոխարինել եզրակացության կայացմամբ, իսկ որոշման ընդունման լիազորությունը վերապահել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին»,- ասաց Փախչանյանը: Նույն դրույթը կիրառվելու է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում:
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվում է այլընտրանքային ծառայության ուղարկելու դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարին:
Վերը նշված օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: