Հայաստանում համատիրություններում հիմնախնդիրներ կան, բայց առաջարկվող նոր նախագիծը չի լուծելու այդ խնդիրները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը, անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած որոշման նախագծին, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են:
«Այս բնագավառում կա հիմնախնդիր լուծելու, սակայն արդարադատության նախարարության առաջարկած լուծումը չի լուծում դա: Նախ՝ օրենքի նախագիծը, որն արդեն մի քանի օր է ներկայացված է, պատրաստվել է նախորդ իշխանությունների ժամանակ, և այնտեղ խնդիր է եղել, թե ինչու պատրաստել հենց այդպիսի օրենքի նախագիծը»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն կառավարման հիմնախնդրի սկզբունքները հաստատելուց հետո, իսկ այդ սկզբունքները հետևյալն են. «Նախ՝ քանի որ դա սեփականատերերի բաժնային սեփականություն է՝ ընդհանուր գույքը, ապա կառավարումն անպայման պետք է իրականացվի սեփականատերերի մասնակցությամբ, իսկ ներկայացված նախագիծը բոլորովին անտեսում է այս սկզբունքը: Ճիշտ է, այնտեղ դրույթներ կան գրված, բայց պրակտիկայում բոլորովին անտեսում են: Երկրորդ՝ այնտեղ կա ընդհանուր բաժնային սեփականության խնդիր, դա կառավարելու խնդիր, չկա պարզապես կառավարելու անհրաժեշտություն, որովհետև շենքի սեփականատերերը չեն հասկանում՝ ինչու պետք է կառավարվի իրենց ընդհանուր սեփականությունը»:
Արամ Գրիգորյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ ընդհանուր բաժնային սեփականությունը՝ որպես անշարժ գույք, միավոր գույք պետք է դիտվի, որովհետև այն պետք է իրավական հարաբերություններ ունենա այլ կառույցների, կազմակերպությունների հետ, մասնավորապես, պետք է հարաբերություններ ունենա ջրամատակարար, գազամատակարար, էլեկտրամատակարար և այլ կազմակերպությունների հետ, որոնք բազմաբնակարան շենքերում ծառայություններ են իրականացնում»:
Ամբողջությամբ՝ araratnews.am