Հայտնի է, որ նախօրեին «Ելք» դաշինքի երկու պատգամավորների երաշխավորությամբ` ստորագրությամբ ազատ արձակվեց երեք անմեղ ոստիկանի արյուն թափած հրոսակախմբի անդամներից եւս մեկը` Արամ Մանուկյանը: Ով առանց խղճի խայթ զգալու` ազատվելուն պես ասում է. «Չեմ փոշմանել»: Իսկ, որ ամենահավորն է` ոմանք վերջինիս ազատությունը համարում են հաղթանակ ու կրկին հերոսացնում մեկին, ում գործողությունների պատճառով երեք ընտանիք դժբախտացավ, երեք ընտանիքի երեխաների համար հայրական գուրգուրանքը, սերն ու հոգատարությունը` այլեւս հիշողություն են:
Իսկ, թե ի՞նչ են զգում սպանված ոստիկանների հարազատները` բառերով նկարագրել շատ դժվար է.
«Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է, էս ինչ դաժանություն է: Խի են ստիպում կրկին վերապրել` առաց այն էլ չսպիացող ցավը: Ինչի պետք ա իմ մինուճարս` ամեն անգամ «պապա» բառը լսելիս աչքերը լցին, իսկ իր ա պապայի մահվան պատճառ դարձած մեկը` պարծենա իր մադասպանությամբ», – «Իրավունքի»հետ զրույցում արցունքները խեղդելով` ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած, իսկ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի կինը`Հասմիկ Ոսկանյանը, ում որդին` փոքրիկ Մհերը երազում է հայրիկի պես ոստիկան դառնալ:
Գագիկի մայրն էլ` տիկին Անահիտըվրդովված հավելեց.
«Որքանով է արդարացի մեզ էսքան մղկտացնել: Ոնց կարող են դաժան բարբարարոսներին, ոճրագործներին հերթով ազատ արձակել: Էդ ստորագրությամբ ազատ արձակողները, միջնորդագրեր ներկայացնողները ինչի չեն մտածում, թե ինչ են զգում սպանված ոստիկանների հարազատները: Բալա ջան… կյանքում` ամենավատ մարդուն էլ չեմ ցանկանա զգա այն ինչ ես եմ` որպես մայր զգում, երբ լսում եմ, որ ազատության մեջ է հայտնվում մեկը, ով անմիջական կապ ունի իմ մինուճարի սպանության հետ (-արտասվում է. Ի. Ա.): Բանդիտներին, անմեղ մարդկանց արյուն մարսողներին ասում են քաղբանտարկյալ, ոնց կարելի, լավ դրանք խիղճ ընդհանրապե՞ս չունեն»:
Տիկին Անահիտի խոսքով.
«Անընդհատ մատնացույց են անում Պավլիկի մինուճար տղային, բա էդ նույն մինուճար տղայից ես էլ ունեյի, իմ մինուճարն էլ ունի մինուճար տղա: Ինչի՞ մի անգամ մեր ցավով չեն ապրում, ինչի՞ չեն ասում, որ մեր մինուճարի վիզը էդ նույն մարդասպաները ծուռ թողեցին, մենակ էդ դահիճ մարդասպանին են մատնացույց անում, լավ բա ուր մնաց խիղճը : Իմ մինուճարին տարան` մարեցին իմ տան ճրագը, բա դրանց նմաներին կարելի ազատել: Ամեն անգամ հեռուստացույց միացնելիս ու դրանց մասին լսելիս` սիրտս կտոր-կտոր է լինում, թող թողեն մեր ցավով տապակվենք, խի են էսքան դաժան էս մարդիկ»:
Հ.Գ. Մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում: