Ժվանեցկին այն հեղինակներից է, ում հաջողվում է մտքին լակոնիկ, սարկաստիկ և բացարձակապես ավարտված ձև տալ: Իսկ ամենագլխավորն այն է, որ նրա ձևակերպումների մեջ յուրաքանչյուրն ինքն իրեն է ճանաչում, չնայած, հնարավոր է, մեզ դա այնքան էլ պետք չէ:
Կյանքի մասին
Պատմության մեջ մտնելը դժվար է, բայց ընկնելը` հեշտ:
Հաջողությունը խիզախներին է ժպտում, իսկ հետո երկար ծիծաղում է նրանց վրա:
Փոքր չափաբաժիններով ալկոհոլն անվնաս է ցանկացած քանակի դեպքում:
Շփոթության բարձրագույն ձևն այն 2 հայացքներն են, որոնք հանդիպում են աղբահորի մեջ:
Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում: Հոռետեսը վախենում է, որ դա հենց այդպես էլ կա:
Ամեն ինչ լավ է ընթանում, միայն թե՝ կողքից:
Արգելված բաներ չկան, կան բաներ, որոնք խորհուրդ չեն տրվում:
Ուզում ես ամեն ինչ ու միանգամից, բայց ստանում ես ոչինչ ու աստիճանաբար:
Ի սկզբանե էր Բառը… Սակայն դատելով այն բանից, թե ինչպես են իրադարձությունները հետո զարգացել, Բառը, փաստորեն, տպագիր չէր:
Ողջ օրը չես քնում, ողջ գիշերը չես ուտում, բա, իհարկե, կհոգնես..
Իմաստնությունը միշտ չէ տարիքի հետ գալիս: Պատահում է, որ տարիքը միայնակ է գալիս:
Ցանկացած մեքենա քեզ բավական է մինչև կյանքիդ վերջը, եթե ընթանաս բավականաչափ արագ:
Ամենադժբախտ կենդանին ութոտնուկն է: Նրա ոտքերն ականջներից են սկսվում, ձեռքերը` հետույքից, իսկ ինքը` հետույքը, չգիտես ինչու, ականջներով է:
Ավելի լավ է սիրով ջանք թափես, քան ջանք թափես, որ սիրով զբաղվես:
Միայն ծննդյանդ օրն ես իմանում, թե աշխարհում ինչքան անպետք բաներ կան:
Մաքուր խիղճը վատ հիշողության նշան է:
Երջանի՞կ եմ արդյոք: Տարբեր ժամանակներում այս հարցին տարբեր կերպ եմ պատասխանել, բայց միշտ` բացասաբար:
Երջանիկ ավարտներ չեն լինում: Եթե երջանիկ է, ուրեմն բոլորովին էլ ավարտ չէ:
Մեծագույն երջանկություն է տեսնել իսկական արյունոտ հերոսական կյանք ու դրանում մասնակցություն չունենալ:
Երջանկությունը զուգարան տեսնելն ու մինչև այն վազել կարողանալն է:
Գեղեցիկ ապրել չես արգելի, բայց խանգարել կարող ես:
Եթե դու վիճում ես հիմարի հետ, շատ հավանական է, որ նա էլ է նույն բանն անում:
Չէ՞ որ ես ասում էի. «Կամ ես լավ կապրեմ, կամ իմ ստեղծագործությունները կդասվեն անմահների շարքին»: Եվ կյանքը կրկին բռնեց ստեղծագործությունների կողմը:
Բարին միշտ հաղթում է չարին: Նշանակում է, ով հաղթում է՝ նա էլ բարին է:
Մարդու մասին
Եթե ձեզ ասում են, որ դուք բազմակողմանի զարգացած մարդ եք, ձեզ առանձնապես լավ մի զգացեք: Միգուցե նկատի ունեն, որ դուք տականք, ստոր ու պորտաբույծ եք՝ միաժամանակ:
Դուք տեսե՞լ եք մարդու, ով երբեք չի ստում: Նրան դժվար է տեսնել: Չէ՞ որ բոլորը խուսափում են նրանից:
Ամենից բարդը մարդու համար այն է, ինչ իրեն չի տրվում:
Կարգին մարդուն կարելի է ճանաչել այն բանից, թե որքան անվարժ է նա ստորություններ անում:
Յուրաքանչյուր խոշոր, մեծ անձնավորության մեջ կա մի բան, որ մանր տառերով է գրված:
Խելացի և իմաստուն մարդկանց միջև տարբերությունն այն է, որ խելացին մեծ դժվարությամբ է գլուխ հանում այն իրավիճակից, որի մեջ իմաստունը պարզապես չի ընկնում:
Մտածելը շատ բարդ բան է, այդ պատճառով էլ մեծամասնությունը դատում է…
Մարդիկ բաժանվում են 2 մասի, նրանց, ում վրա կարող ես հույս դնել, և նրանց, ումից պետք է փախչես, որքան հնարավոր է՝ հեռու:
Եթե հայտնվել է մեկը, ով պատրաստ է սարեր շուռ տալ, ապա նրա հետևից կգնան շատերը, ովքեր պատրաստ են նրա վիզը ոլորել:
Յուրաքանչյուր մարդ իր երջանկության դարբինն է և ուրիշի երջանկության սալը:
Սողալու համար ծնվածը ամեն անցք կարող է մտնել:
Ոմանց ուղեղի երկու կիսագնդերը պաշտպանված են գանգով, ոմանցը` տաբատով:
Որոշ մարդիկ խիզախ են երևում, որովհետև վախենում են փախչել:
Դժվար է լինել վերջին տականքը. Միշտ էլ կգտնվի մեկը, ով կտեղավորվի քո հետևից:
Լուրջ բաների մասին
Կյանքը կարճ է: Եվ պետք է կարողանալ: Պետք է կարողանալ հեռանալ վատ ֆիլմի դիտումից, թողնել վատ գիրքը, վատ մարդուն: Թողնելու շատ բան կա:
Ոչինչ այնպես չի վիրավորում մարդուն, ինչպես սեփական երջանկության բեկորները:
Ի՞նչ է գրողի կյանքը: Ոչ մի բառ բարձրաձայն: Ի՞նչ է գրողի մահը. Դուրս գալն է հասարակության մեջ:
Օրվա մեջ գոնե 5 րոպե ինքներդ ձեր մասին վատը մտածեք: Երբ քո մասին ուրիշներն են վատ մտածում, այլ բան է, երբ դու ինքդ՝ բոլորովին այլ բան: Հզոր թերապիա է:
Երբեք մի գերագնահատեք թշնամիների հիմարությունն ու ընկերների հավատարմությունը:
Իսկական միայնությունն այն է, երբ դու ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ, ու քեզ չեն հասկանում:
Ժողովուրդ, քանի որ արդեն մինչև կոկորդներս կեղտի մեջ ենք, եկեք միմյանց ձեռք բռնենք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը