Սիրելի ընկերներ, օգտվելով մեր երկրում ստեղծված փոփոխությունների ընձեռած հնարավորությունից և լինելով ի ծնե օպտիմիստ, ցանկանում եմ հանրայնացնել իմ համեստ առաջարկը, որի շուրջ մտածում եմ շուրջ 5 տարի:
Եվ ուրեմն, հարգելի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Թանդիլյան, զարգացած արևմտյան երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում, գործազրկության նպաստի հետ միասին պետությունը գործազուրկ քաղաքացիներին տրամադրում է աբոնեմենտներ, որոնցով հնարավոր է անվճար մուտք գործել Փարիզի բոլոր թանգարանները, նկարչական ցուցասրահները, ներկայացումների բավական լայն ցանկ: Դա առաջին հերթին արվում է այն նպատակով, որպեսզի աշխատանք փնտրող և ենթադրաբար ազատ ժամանակ ունեցող մարդը հնարավորություն ունենա այդ ազատ ժամանակը լցնել սոցիալապես օգտակար ժամանցով և ունենալ ինքնազարգացման հնարավորություն: Սրանով կանխվում է գործազուրկի բարոյահոգեբանական դեգրադացիան, իսկ արվեստից հասկացող իմ ընկերները կվկայեն, որ արվեստի, մշակույթի հետ առնչվելը մոտիվացնում է, պոզիտիվացնում է և կարող է դառնալ մարդու կյանքի այդ դժվարին ժամանակահատվածում ներշնչանքի աղբյուր:
Հարգելի մշակույթի նախարար տիկին Մակունց, սա շատ օգտակար է հանդիսատես որոնող թատրոնի, այցելու որոնող թանգարանի ու ցուցասրահի համար: Հավատացեք արվեստի ամենահավատարիմ ու ֆլագման սպառող խավը ամենևին մուշտակով ու ոսկեղենով տարին մեկ անգամ օպերա այցելողները չեն: Արվեստը բոլորին հասցնելու ամենակարճ ուղիներից մեկը մարդու կյանքի համեմատաբար ազատ, բայց բարդ ժամանկահատվածում՝ աշխատանքային փնտրտուքի ժամանակ նրան ուղեկցելն է: Այսօրվա գործազուրկը վաղվա գործարարն է, վաղվա հաջողության պատմությունը, ով այլևս ամբողջ կյանքում կկրի արվեստի դրոշմը:
Չեմ կարծում սա բացի կազմակերպչական մասով որևէ կերպ ծախսային առումով ծանրանա պետական բյուջեի վրա: Կարծում եմ մշակութային օջախները իրենք շահագրգռված կլինեն նոր մարդկանց այցելություններով: Եթե առաջարկս հետաքրքրի, սիրով կկիսվեմ այս թեմայի շուրջ իմ ուսումնասիրություններով և կօգնեմ, կրկնում եմ, առանց ծախսերի ավելացման այս իմ կարծիքով օգտակար առաջարկի կյանքի կոչմանը:
Հ.Գ. կօգնեմ բացառապես կամավորական սկզբունքներով: