Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է նախապես շնորհավորել երկիր այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ծննդյան տոնի առթիվ, և հատապտուղներով տորթ է նվիրել նրան։
«Ծննդյան տոն ենք նշում, մի փոքր վաղ», – գրել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանն իր թվիթերյան էջում՝ հրապարակելով Թրամփի հետ համատեղ ընթրիքից տորթի մատուցման պահի լուսանկարը։ Լուսանկարում Թրամփը ժպտում է՝ նայելով տորթին, իսկ նրա կողքին նստած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին ծափահարում են։ Դոնալդ Թրամփը 72 տարեկան կդառնա հունիսի 14-ին։ Հունիսի 12-ին Սինգապուրում կկայանա ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը։