Հայաստանի արդարադատական համակարգը անելանելի ծանր վիճակի մեջ է դրել ցմահ դատապարտյալներին։ Ազատություն տանող ծանր դռները հավերժ փակված են, և թվում է՝ այդ մարդկանց փրկության միակ ելքը բնական մահն է։ Դատարաններն առանձնակի դաժանությամբ, անհիմն պատճաներով մերժում են պատժի կրման 20 տարին լրացած ցմահականների՝ վաղաժամկետ ազատման դիմումները։
Պատկան մարմինների անմարդկային վերաբերմունքը անուղղակի կերպով վերածվել է խոշտանգման մի ձևի։ Ապացույցը 26 ցմահականի մահն է բանտում։ Որոշ ցմահականներ երբեմն հրաշքով բարեհաճ վերաբերմունքի են արժանանում՝ փոխվում է պատժի կրման ռեժիմը․ 1 ժամվա փոխարեն իրավունք են ստանում զբոսանքի դուրս գալ 4 ժամով։ Արթուր Մկրտչյանը այն ցմահ դատապարտյալներից է, որ անգամ այդ բախտին չի արժանացել։
Նա ճաղերի հետևում է անցկացնում արդեն 23 տարի։ Պատժի կրման ռեժիմի փոփոխության խնդրանքով Արթուրը 2 անպատասխան նամակ է ուղարկել Քրակատարողական վարչություն։ Նույն պահանջով ՔԿՎ դիմել է նաև երրորդ անգամ։ Այս տարվա մայիսի 11-ին ՔԿ ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին Արթուր Մկրտչյանի միջնորդագիրը։
Որոշումը բողոքարկվել է դատարանում։ Որպես մերժման հիմք Հանձնաժողովը գտել է, որ Արթուրի հետ ուղղման գործընթացի ծրագրով նախատեսված աշխատանքները անհրաժեշտ է շարունակել։ Որպես պնդման հիմք բերվել է 23 տարվա ընթացքում Մկրտչյանի ստացած 9 տույժը։ Սրանցից միայն մեկն է պայմանավորված վարքագծով, այն էլ՝ տրված հեռավոր 1998 թվականին։ Մյուս 8 տույժերը Արթուր ստացել է հեռախոս պահելու համար։ Վերջին տույժը նրա նկատմամբ 2011 թվականին է նշանակվել։
Արթուր Մկրտչյանը Forrights.am-ի հետ զրույցում վստահ ասում է՝ իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել՝ որևէ հիմնավորում մերժման հիմքում չի դրվել․ «Աբսուրդ է այս տույժերի հիմքով ինձ մերժելը, որովհետև ինձնից առաջ համարյա բոլոր ցմահների ռեժիմը փոխել են, դարձրել կիսափակ, ու բոլորն էլ ունեցել են խախտումներ։ Իմ տեղեկությունով՝ միայն իմ դեպքում է, որ ռեժիմը չեն փոխում»։
2016 թվականին դատարանը մերժել է Արթուր Մկրտչյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը։ 9 տույժերի հետ մեկտեղ բացասական հատկանիշ դիտարկվել թենիսի մրցաշարին Արթուրի չմասնակցելը։ Անտեսվել են նրա մարդկային արժանիքները․ «Դատարանում վաղաժամկետի քննարկման ժամանակ հարցնում եմ՝ ասեք մի դեպք, երբ հային, քրիստոնյային ոչ հատուկ վարմունք եմ դրսևորել։ Ոչ մի արձագանք չկա․․․ թե չէ ասում են՝ թենիս չեմ խաղացել։ Ախր ես կյանքո՞ւմ եմ թենիս խաղացել»,- ասում է ցմահ դատապարտյալը։
Ամբողջությամբ՝ forrights.am