Համազգային շարժման քաղաքական մեկուսացումը սաստկանում է։ Հարվածի սլաքը ուղղված է ժողովրդի սրտին՝ ազգի ինքնուրույն, արժանապատիվ գոյատևման հնարավորության գաղափարին։ Դարեր փայփայած, յոթանասուներկու տարի առաջ երկու տարով հաղթանակած, այս երկու տարում ժողովրդին համակող գաղափարը պետք է բնում խեղդվի՝ սա է գերխնդիրը։ Հավանաբար կխեղդեն, որովհետև մահացու են բռնել կոմունիստական կուսակցությունը, դաշնակցական կուսակցությունը, անվտանգության կոմիտեն, «Հայ դատ» կուսակցությունը, հին ակադեմիկոսները, ակադեմիկոսություն տենչացողները, չեղած կազմակերպությունները, անունով բանակները, անզեն վաշտերը, փորձված գրչակները, գավառական արմավոլները, Օպերա տեղափոխված Կոմայգու ֆուտբոլասերները, բուհերի քննությունների դալալները, «Լրաբերում» մարզվող Գալոյանի սաները, զառամյալ տարիքում փետրավորվող «քաղաքագետները»… Այս ի՞նչ պատահեց, որ այսպես շատացան։ Կոռնիձոր կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Գետաշեն կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Երասխավան մարտ էր գնում սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին…
…Խաղաղ հրապարակի կտրիճներ, պաշտոնական էկրանի ասպետներ, թերթերի էջերի հերոսներ… համազգային ճակատ կազմած՝ հայհոյում են համազգային շարժմանն ու թուրքին։ Բացի այն, որ ատելության շուրջ հեշտ է մարդ հավաքել ու գործիչ դառնալ, հիմա չի գործում օրենսգրքի ազգամիջյան թշնամանք հրահրող հոդվածը։ Հայի համար թույլատրված մի ժամանակամիջոց դա չպիտի գործի, որովհետև քանի դեռ հայը հայհոյում Է թուրքին ու թուրքի հավատը, նա իր չծնված երեխայի, իր աշխարհ չեկած սերունդների պորտալարը կապած է պահում Ռուսաստանին։ Քաղաքականությունը վեր է օրենքից։
Ամեն տարի ապրիլի 24-ին իր թերթերում Եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ-պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերը անիծելու ռենեսանս ապրեց։
…Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։
Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք…
Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Ժողովուրդների հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև, խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։ Պարզ է լույսի նման։ Ձեր անձնատվության զգեստը պետք է թափանցիկ լինի, որ տերը ձեր նվիրյալ մարմնի հմայքները տեսնի, բայց դա մեզ էլ տեսանելի է՝ ներողամիտ եղեք։ Այդ պարը դուք չեք կարող այնպես պարել, որ մի կողմից երևա։ Տերն էլ չի ուզենա, որ մի կողմից երևա։ Ժողովուրդը պիտի տեսնի իր երևելիների տրվելը՝ գայթակղություն կա։
Արցախը չմոռանանք
Արցախը ուզենաս էլ, չի մոռացվի։ Շարժման ընթացքում դարձյալ փուլեր են եղել, երբ Արցախը հարաբերաբար թողնվել է ինքնուրույն տոկալու։ Մերթ քաղաքական օժանդակությունն է գերիշխել, մերթ տնտեսական, մերթ՝ երկուսը միասին, երբեմն էլ թողնվել է ինքնուրույն տոկալու։ Սա միտումնավոր չի եղել․ ինքնորոշման մեխանիզմը իր տրամաբանությամբ աշխատում է։ Արցախը չի մոռացվել, Հայաստանն է մոռացվել։ Արցախի առօրյա հոգսերի մեջ խճճված՝ ամենասովորական տրակտորի պտուտակից սկսած մինչև ընտրական տեղամասերի կազմը ճշտելը, մեկ էլ ուշքի գալիս, տեսնում ես Հայաստանի քաղաքական կյանքն է ձեռից գնացել։ Դառնում ես այդ քաղաքական կյանքում մի բան շտկելու, մի դեպուտատ ընտրելու, ոռնում են՝ Արցախը մոռացան։ Ահազանգը վերևից է սարքված, բայց ողբերգականորեն արձագանքում է ժողովրդի մեջ։ Եվ սադրանքը պարարտ հող ունի Հայաստանում՝ այստեղ ապրող հարյուր հազար ղարաբաղցիները, ովքեր Ղարաբաղը ուզում են պահել այստեղ ապրելով ու Մոսկվա դիմում գրելով։ Վարժ ռուսերենով գրելով։ Եվ կարծում են ինչքան վարժ ռուսերենով գրեն, ինչքան լաց ու շիվան կապեն, այնքան Արցախի անկախության հարցը կարագանա։ Միայն մեկ անգամ տեղի տվեցինք այդ սադրանքին և քայլ առ քայլ ծրագրած մեր ընթացքին դավաճանեցինք եւ պայմանագրի փոխարեն Գերագույն խորհրդով միացյալ Հայաստան հռչակեցինք։ Եվ մեզ ու մեր ապագա խորհուրդը զրկեցինք վճռական քայլերից, մեր քաղաքական զինանոցը սպառեցինք։ Եթե այդ որոշումից հետո հանրապետության միլիցիան չէր մտնելու Արցախ, դա կիսատ որոշում էր։ Մեր ջղերը չդիմացան։ Երկու տարի ժողովրդի գլուխն էին մտցրել՝ «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը»։ Ժողովուրդը հմայվածի նման կրկնում էր, մենք դիմադրում էինք։ Մի բան է միտինգում լոզունգ հռչակելը, ուրիշ բան է քաղաքական փաստաթուղթ ընդունելն ու դա իրագործելը։ Բայց ժողովուրդը նոսրացել էր, շարժման տկար շրջանն էր և մեր ջղերը չդիմացան։ Այո, բազմահազարանոց ժողովուրդը բան հասկանում է, բազմահազար մարդը հավաքականորեն ողջախոհ է, մի քանի հազարը դառնում է ամբոխ, որովհետև քչի մեջ սադրիչների ձայնը զգալի է, ներսից ու դրսից քչին հիմարացնելը հեշտ է։ Եվ մինչդեռ ժողովրդի գրաված գրասենյակում օրը հարյուրներով այցելուներ ու պատվիրակություններ էինք ընդունում Արցախից, Շահումյանից, Գետաշենից, ողջ Հայաստանից (մարդիկ վերջապես դիմելու, պարզապես բողոքելու տեղ ունեին), օպերայի հրապարակը վերածվում էր մեծախոսության դաշտի։ Տեսնում, զգում էինք, բայց խեղդված էինք։ Հադրութի մի գյուղի համար մի զույգ անվադողը համարում էինք ավելի կարևոր և սխալվում էինք։ Գիտեինք, որ սխալվում էինք, որ այդպես որպես քաղաքական շարժում կվերանանք, բայց նաև վստահ էինք ժողովրդի ողջամտության վրա, համենայն դեպս հույս ունեինք… բայց սխալվեցինք։
Պատրաստվում էինք նաև համագումարի։ Գուցե համագումարով տարվեցինք
Դրան պատրաստվելու ժամանակ էլ չունեցանք։ Համագումար գնացինք փաստորեն անպատրաստ։ Բայց դա պիտի լիներ։ Շարժումը մի փուլում պիտի արձանագրվեր։ Մի տարի ուշացել էր, մի տարի ծրագիրը ժողովուրդը քննարկում էր։ Այդ ծրագիրը համագումարով պիտի ընդունվեր կամ մերժվեր։ Հենց պատգամավորների ընտրությունից էլ դժվարություն սկսվեց։ Ծրագրի նախագիծը Համազգային շարժման մեջ ընդունում էր բոլոր կուսակցություններին (դա զանգվածների պահանջն էր), նույնիսկ կոմունիստական կուսակցությանը, և կուսակցությունը իր մարդկանց սկսեց մտցնել շարժման մեջ։ Շրջանային կոնֆերանսներում թեժ կռիվ էր գնում, վիճակը բարդացել էր նրանով, որ Արցախ տասը պարկ ալյուր ուղարկած շրջկոմի քարտուղարը համարվում էր հայրենասեր և ընտրվում էր պատգամավոր։ Այսպես, համագումարին չմասնակցեց Ղարաբաղյան շարժման հին մարտիկների մի մասը։ Ամենաանլուծելի խնդիրը, սակայն, հրավերների հետ էր կապված։ Երեք հարյուր տեղի վրա տասը հազարից ավելի մարդ կար։ Բոլորն իրավացի էին, երբ իրենց մասնակցությունը համարում էին պարտադիր։ Եվ իրոք, երկու տարի սահմանափակում չէր եղել, երկու տարի ազգովի հավաքվել էինք մի տեղ, երկու տարի, փաստորեն, ուս ուսի կանգնել և հանկարծ հրապարակը տեղափոխվում է դահլիճ։ Ո՞վ կհասկանար։ Ոչ ոք չհասկացավ։ Մեզ թվում էր, միտինգայնության շրջանը անցել է՝ սխալվեցինք։ Հրավեր չստացածների մի մասը նեղացավ ու շարժումից հեռացավ։ Նեղացողների երկրորդ խումբը ելույթ չստացածներն էին։ Եթե այդ քառասունը չխոսեր, դրանք էին նեղանալու, պարզ է, բայց այստեղ էլ տրամաբանությունը չաշխատեց։ Այս խումբն էլ (գործուն խումբը) շարժման հանդեպ սառավ։ Վերջապես վարչությունում չընտրվածների մի մասն էլ սառավ։ Այսչափ կորուստներով մեզ համագումար պե՞տք էր։ Դժվար է պատասխանել։ Թշնամանքի այն մթնոլորտը, որ տիրում էր այդ օրերին ու սաստկանում համագումարի մոտենալով, իր սև գործը արեց։ Առաջին անգամ էինք համագումար անցկացնում՝ անհմուտ անցկացնելը նույնպես։ Բայց արդարամիտ լինենք, համագումարի ընթացքն ու ավարտը դեռ հայտնի չէին, համագումարը տապալելու կամպանիան արդեն սկսվել էր կազմակերպությունների ձեռքով։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց Հայաստանի ինտերֆրոնտը հայերի մասնակցությամբ, որը եկավ ապացուցելու ինտերֆրոնտների ապազգային բնույթը, նրանց ԿԳԲ-ական ծագումը։
Ես հանդիմանանքի խոսք չունեմ մնացած բոլոր կազմակերպությունների հասցեին, ովքեր դեմ են Հայաստանի անկախ գոյությանը։ Պատվեր են կատարում, թե իրենց համոզմունքն են ասում, էական չէ։ Եթե կառավարության ու նրանց հայացքները համընկնում են, ավելի վատ այդ կազմակերպությունների համար, բայց իրեն անհասկանալի դրսևորեց Ազգային ինքնորոշում միավորումը։ Նա էլ մոդայի հոսանքում հարվածելով Համազգային շարժմանը, քաղաքական որոշ կշիռ ձեռք բերեց մյուսների նման (հիմա քաղաքական կշիռ ձեռք են բերում միայն այս հողի վրա), բայց խփեց բուն ինքնորոշման բախտին։ Հիմա այդ որ ժողովրդի հետ ենք հանրաքվեի գնալու։ Միայն պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողությա՞ն։
Պարույրն այնտեղից ասում է՝ ՀՀՇ-ն պահը բաց թողեց ու խանգարեց հանրաքվե անցկացնելուն։ Երբ տեսնում ես, որ պանթուրքիզմի սարսափով ներծծված մի հոդվածից ժողովրդի թևերը թուլանում են, երբ երկու տարվա գործը երկու հոդվածով ջուրն է լցվում, այդ ժողովրդով որ գլխից ձեռ քաշածը հանրաքվեի կգնա։ Հանրաքվե անցկացնենք, որ խայտառակվե՞նք ազգովին։ Իսկ եթե պարզվեց, որ հայ ժողովրդի 20 տոկոսն էլ կողմ չէ անկախության՝ հիմա ի՞նչ ենք անելու, ո՞ւմ ենք համոզելու, որ ժողովրդի անունից լիազորված ենք կռվելու նրա անկախության համար։ Չէ՞ որ դրանից հետո մի բան է մնում՝ ինքնասպան լինել։
Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։
Միաբանության իմ ըմբռնումը
Լիակատար միաբանություն չի լինելու։ Բնության մեջ չկա այդ բանից։ Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարավոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն օրվանից, երբ Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին։ Մոսկվայից զանգում էին՝ ժողովրդին պահեք մինչև գանք։ Ժողովուրդը պիտի պահվեր, որ ճնշում լիներ ու Գորբաչովը նրանց ընդուներ։ Ընդունեց՝ գերխնդիրը կատարված էր, եկան հանդիսավոր ցրելու։ Վերջին շնչումս դա կհիշեմ՝ ժողովուրդը անզորությունից, վիրավորանքից մռնչում, գալարվում ու չէր ուզում հրապարակից հեռանալ։ Արցունքը աչքերին հեռացավ։ Չգնար, կարծում եմ, Արցախի հարցը կտրուկ լուծում կունենար։ Ադրբեջանը քնած էր։ Ադրբեջան չկար։ Քաղբյուրոն շփոթված էր։ Իսկ մենք փոքրոգաբար ապստամբության մեջքը ջարդեցինք։
Հետո Սումգայիթ եղավ։ Ժողովուրդը ուզում էր կառավարության հետ միանա՝ անմիտ երազանք։ Ո՜ւմ կառավարության հետ պիտի միանայինք։ Մեր հրաշք միաբանությունը մեզ քիչ էր թվում, մեր եռանդը ծախսում էինք աշխարհում չեղած֊-չլսված-չտեսնված մի միաբանություն հորինելու վրա և օր օրի կորցնում էինք ունեցածը։ «Միաբանվենք» գոռալով կասկած էինք սերմանում մեր մեջ, իբր միաբան չենք, ու այդ կասկածն էլ քանդում էր մեր շարքերը։ Եթե 2, 5, 10 հոգի մեզ հետ չէին, ասում էինք միաբան չենք։ Աներևակայելի, տնաքանդ մի մեծամտությամբ ուզում էինք, որ մեջներս ուրիշ կերպ մտածող, միանալ չկամեցող հարյուր հոգի չլինի։ Բևեռները միացնել էինք ուզում, չհասկանալով, չուզենալով հասկանալ, եզի համառությամբ դիմադրելով բևեռների իրողությանը՝ բա բոլորս էլ հայ չե՞նք, մեզնից ո՞վ Ղարաբաղը չի ուզում։ Բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ բարօրությունը, երրորդները ոչինչ չեն զոհի, եթե տան՝ կվերցնեն։ Եթովպացին էլ կվերցներ։ Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա աստիճանի ու փառքի է տիրանում։ Այդ էլ կա։ Բոլոր ազգերի մեջ կա։ Իսկ մենք դեռ բացառիկ ազգ չենք։ Այո, այս իմաստով, բոլորս չէ, որ հայ ենք, և բոլորը չէ, որ Արցախը ուզում են։ Երկու տարի այդպես էր։ Այսօր այդպես է։ 200 տարի հետո այդպես կլինի։ Հաշտվենք մեկընդմիշտ, որ քաղաքականության մեջ պիտանի ազգ դառնանք։
Սփյուռքի մասին
Էնտեղ քաղաքականություն չկա։ Համենայն դեպս, Հայաստանի համար քաղաքականություն Սփյուռքում չկա։ Չէր էլ կարող լինել։ Այնտեղ չգիտեն կամ չեն ուզում իմանալ (միևնույն բանն է) ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանի քաղաքականության կրողները Հայաստանի կազմակերպություններն են լինելու։ Դարձյալ ժողովրդին ուզում եմ զգուշացնել հերթական սին պատրանքից՝ Սփյուռքի կուսակցությունների Հայաստան վերադառնալու հետ հույսեր կապելուց։ Սփյուռքի կուսակցությունների, համենայն դեպս նրանց ղեկավարների խորհուրդն էր «քաղաքականություն ընել», այսինքն՝ միտինգ չանել, գործադուլ չանել, Մոսկվային ցույց չտալ Հայաստանի վճռականությունը։ Նույն բանը մեզ ասում էին Մոսկվան ու Հայաստանի կառավարությունը։ Նորություն չկար։ Պարույրն ասում է՝ Սփյուռքի կուսակցությունները կարծում են Հայաստանում Հայկական կառավարություն կա։ Ավելացնեմ նրանց ձեռնտու է այդպես մտածել։
— Ինչո՞ւ է ձեռնտու։
— Հարցրեք իրենց։ Հերիք է ուրիշին ուղղված հարցերը շարժմանը ուղղել։
Սփյուռքից եկածները մի հերթապահ հարց ունեն՝ «Սահմանի վախ չունի՞ք»։ Ունենք։ Վախ ունենք, բայց սարսափից չենք կապտել։ Բայց այդ վախից ավելի լուծվելու-վերանալու վախ ունենք։ Կարծում են այսպես ապրելով հնարավոր է Հայաստան պահպանել, որի հիմքի վրա հետագայում բարենպաստ պահի կստեղծենք «ազատ-անկախ-միացյալ Հայաստան»։ Հնչում է, չէ՞ ։ Մնում է թևերդ պարզես ու պարես այս ցնծագին նվագի տակ, փոխանակ թևերդ քշտես ու ձեռնամուխ լինես այս մի կտորի, հիմքի ազատագրմանը։ Սիրուն բառերի քաղաքականություն, գործնական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն։ Շահավետ է և անվնաս և կերպդ է բարեկիրթ։ Պարոններ, այսպես ապրելով չի մնա այս Հայաստանը որպես հիմք «ազատ-անկախ ու միացյալ Հայաստանի» և միացյալը այլևս չի ստացվի։ Այսինքն ոչինչ չի ստացվի։
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի