«Նռան հատիկ» հեռուստասերիալում դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի կերպարը բավականին կոլորիտային և սիրված էր: Սրտացավ հոր, բարի, բայց նաև կոպիտ մարդու կերպարը դերասանը կարողացավ այնպես ներկայացնել, որ հեռուստադիտողը իսկապես սիրեց նրան: Սակայն, ըստ սցենարի, Ռ. Ղևոնդյանի հերոսը անկնկալ կերպով մահացավ, ինչը տարատեսակ քննարկումների պատճառ դարձավ սերիալը դիտողների համար: Շատերի կարծիքով՝ դա սցենարով նախապես ծրագրված չէր և անձնական այլ պատճառներով արհեստականորեն սցենարը փոխվեց այնպես, որ նրա կերպարը մահանա:
«Այլ պատճառներ փնտրել պետք չէ, ըստ սցենարի՝ կերպարս չդիմացավ որդու կորստին: Սա նորմալ ֆիլմի ընթացք է, որի մեջ քաղաքականություն կամ անձնական հարցեր չկան: Կերպարս պետք է մահանար, որ մյուս հերոսների գծերը ուժեղնային, որդին կարողանար սիրելի աղջկա հետ ամուսնանար: Ամեն դեպքում, սերիալը շարունակվում է և տա Աստված, որ այն հետաքրքիր ընթացք ունենա»:
Դիտարկմանը, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Դիանա Գրիգորյանը և սերիալի դերասաններից մի քանիսը վիճել են և պատրաստվում են լքել նախագիծը, որին հաջորդեց նաև իր հեռանալը, և հարցին, թե արդյոք այդ խոսակցությունների և սերիալից իր հեռանալու միջև որևէ կապ կա, պատասխանեց.
«Իմ ու Դիանա Գրիգորյանի միջև ոչ մի վեճ չկա և չի կարող լինել: Նման խոսակցությունները պարզապես զրպարտանք են: Մեր մեջ կարող են միայն ստեղծագործական վեճեր լինեն, բայց անձնավորված՝ ոչ: Մենք բոլորս իրար սիրում ենք»:
Իսկ վերջում, հարցին, թե ինչպես Ռուդոլֆ Ղեոնդյանը կգնահատի «Նռան հատիկ»-ում իր աշխատանքը, որը մի քանի ամիս տևեց, հավելեց.
«Շատ դրական եմ գնահատում: Ամեն ինչից գոհ եմ, այստեղ շատ հավեսով աշխատեցի»:
Ի դեպ՝ կարճ ժամանակ անց հեռուստադիտողը կրկին էկրաններին կտեսնի Ռուդոլֆ Ղևոնդյանին:
«Երկու 25 մասանոց հեռուստասերիալից հրավեր ունեմ, մեկը «Վերջին գործարքի» երկրորդ մասն է, իսկ մյուսը բացահայտել դեռևս չեմ կարող»,- ավարտեց դերասանը: