Ես որևէ քրեական գործից տեղյակ չեմ, ոչ էլ հարցաքննվել եմ. Սեյրան Օհանյան. 1in.am
Advertisement 1000 x 90

Ես որևէ քրեական գործից տեղյակ չեմ, ոչ էլ հարցաքննվել եմ. Սեյրան Օհանյան. 1in.am

«Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ես էլ նոր մամուլից տեղեկացա դրա մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իր հարցաքննոթւյան կանչվելու մասին ՊԵԿ հաղորդագրությանը։

Նշենք, որ քիչ առաջ ՊԵԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց տեղեկացնելով, որ ՀՀպաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է նաև, որ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես այս ամենի մասին տեղեկություն չունեմ։ Դուք ձեր բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան, ով տարածել է այդ հաղորդագրությունը։ Ես որևէ հարցաքննության չեմ գնացել։ Նոր եմ լսել այդ ամենի մասին։ Ես որևէ ծանուցում չեմ ստացել, տեղյակ չեմ նաև, թե ինչ քրեական գործ է հարուցվել»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հիմա փորձում է պարզել, թե ինչումն է խնդիրը։

1in.am