Ընդամենը օրեր անց՝ հունիսի 16-ից, «ArmComedy»-ն իր նոր եթերաշրջանը կսկսի արդեն «Արմենիա TV»-ով: Հաղորդավար Նարեկ Մարգարյանը Life.panorama.am-ին այս մասին մանրամասներ է պատմել:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված հերթական տեղափոխումը նոր հեռուստաընկերություն, Նարեկը կես կատակ, կես լուրջ պատասխանեց.
«Երկրում իրավիճակ է փոխվել: Հաղորդումը գնալով ավելի մեծ լսարան է հավաքում, հետևաբար փոփոխությունները շահեկան կլինեն ոչ միայն մեր, այլև հեռուստադիտողի համար: Այսինքն՝ մեզ կարող են ավելի մեծ թվով մարդիկ տեսնեն, քանի որ «Արմենիա TV»-ին ունի ամենամեծ վարկանիշը Հայաստանում»:
«ArmComedy»-ն այսուհետ ոչ միայն նոր հեռուստաընկերությամբ, այլև նոր անվանումով կհեռարձակվի: «ArmComedy live»՝ այսպես է կոչվելու սիրված հաղորդումը, որը կշարունակի սուր հումորով անդրադառնալ քաղաքական իրականությանը:
«Մեր հաղորդման սիրված քաղաքական դեմքերն այլևս կարևոր պաշտոններ չեն զբաղեցնում, հետևաբար նրանց արձագանք հազիվ թե լինի, միաժամանակ, կառավարություն են եկել նոր ու հետաքրքիր կերպարներ, այնպես որ, մենք արդեն զգում ենք, որ մեր հաղորդումն էլ ձանձրալի և պակաս հետաքրքիր չի լինի: Իհարկե, թարսի պես նրանցից շատերը մեր ընկերներն են, բայց ամեն ինչ փոխհատուցվում է նրանով, որ Հանրապետականն այսուհետ արմատական ընդդիմություն է և դրանով արդեն ամեն ինչ հետաքրքրանում է»,- նկատեց նա:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ հաղորդման նոր տարբերակը կլինի նոր տաղավարում, ինչպես նաև սիրված էջերին կավելանան նորերը.
«Մենք ունենալու ենք հսկայական տաղավար, հանդիսատես: Այստեղ միացնելու ենք հեռուստատեսային երկու ֆորմատ՝ «ArmComedy»-ի ֆորմատը և երեկոյան շոուների ֆորմատը, որի շրջանակում կունենանք հետաքրքիր հյուրեր տարբեր ոլորտներից: Իհարկե, ընթացքում կլինեն նոր էջեր, բայց անակնկալների մասին խոսել չեմ ուզում»,- հավելեց նա:
Ի դեպ՝ կառավարության փոփոխությունից հետո «ArmComedy»-ի հաղորդավարները հայտարարեցին, որ իրենց կազմած «Stand up» ներկայացումը ինքստինքյան «անպետք» դարձավ, սակայն այս առումով Նարեկ Մարգարյանը ավելացրեց.
«Մտահոգվել պետք չէ, մենք հիմա աշխատում ենք նոր ներկայացման վրա, որը կներկայացնենք աշնանը»:
«ArmComedy live»-ը եթերում կլինի ամեն շաբաթ՝ 45 րոպե տևողությամբ: