Life.panorama.am-ի զրուցակիցն է Աղաս Մանուկյանը, ով հայտնի դարձավ «Stand up comedy show» նախագծից: Բեմից ամենատարբեր թեմաներով լուրջ ու լոռվա բարբառով խոսող երիտասարդը կարճ ժամանակում ոչ միայն սիրվեց հեռուստադիտողի կողմից, այլև գրավեց մի շարք նախագծերի ղեկավարների ուշադրությունը: Արդյունքում՝ ընդամենը օրեր անց Աղասին կտեսնենք «ArmComedy live»-ում՝ իր առանձին էջով, իսկ ամիսներ անց նա առաջին անգամ իրեն որպես դերասան կփորձի «Ֆուլ հաուս 2» սիթքոմում: Նշված երկու նախագծերի, ինչպես նաև իր հաջողության գրավականի մասին Աղասը պատմել է Life.panorama.am-ին:
«Արդեն հայտնի է, որ «ArmComedy»-ն նոր անվանումով տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, այս նախագիծն այսուհետ ավելի մասշտաբային կիրականացվի, կլինեն հյուրեր, նոր էջեր և այլն: Այստեղ ես ունեմ իմ էջը, որի շրջանակում ներկայացնելու եմ տարատեսակ լուրեր՝ հենց իրադարձությունների կիզակետից: Այսինքն, եթե այդ պահին Թրամփի և որևէ այլ նախագահի, քաղաքական գործչի հանդիպումն է կայանում, ապա ես այդտեղ պետք է լինեմ և ուղիղ միացմամբ հեռարձակեմ այն: Թե ինչպես է կայանալու այդ ամենը, հեռուստադիտողը կտեսնի եթերում, հուսամ՝ նրանց դուր կգա»,- պատմեց նա:
Անդրադառնալով «Ֆուլ հաուս 2»-ին՝ Աղաս Մանուկյանը նշեց, որ առաջարկը ստացել է Արմեն Պետրոսյանից.
«Հրավերը ստացա «Ֆուլ հաուս»-ի պրոդյուսերից՝ Մենչից, և պետք է ասեմ, որ շատ կարճ ժամանակում տվեցի իմ համաձայնությունը, քանի որ պատճառները շատ էին. Նախ այն, որ «Ֆուլ հաուս»-ը ամենավարկանիշային սիթքոմն է Հայաստանում, և հետո այստեղ ես հետաքրքիր դերակատարում էի ունենալու, որը երկար կյանք պետք է ունենա սիթքոմում: Հիմա պատրաստ եմ իմ և բոլորի սպասելիքներն արդարացնել ուժերիս ներածին չափով»,- նշեց նա:
Խոսելով իր կերպարի մասին՝ մեր զրուցակիցը պատմեց.
«Ես մարմնավորում եմ Մուշեղի անձնական վարորդին, ով շատ խորամանկ տղա է: Ուրախ եմ, որ իմ խաղը զարգանալու է հենց Գրիգոր Դանիելյանի հետ, քանի որ նա շատ հեշտ մարդ է, և հետո ժամանակին մենք միասին КВН ենք խաղացել, այսինքն՝ ծանոթ ենք միմյանց խաղին»:
Որպես դերասան ներկայանալու առաջին փորձը Աղասը համարում է մեծ պատասխանատվություն, որին լրջորեն է մոտենում:
«Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ գործին, իսկ այն փաստը, որ առաջին անգամ որպես դերասան ներկայանալու եմ բավականին մեծ ռեյտինգ ունեցող սիթքոմում, պատասխանատվությունը կրկնակի է դառնում»,- հավելեց նա:
Հարցին, թե կարճ ժամանակում սիրվելու գրավականը Աղասը ի՞նչն է համարում, պատասխանեց.
«Իմ հաջողության գրավականը անկեղծությունն է: Stand up-ում դերասանություն չեմ արել, ես ուղղակի անկեղծ եմ եղել: Անշուշտ, իմ բարբառը յուրահատուկ կոլորիտ է հաղորդում և դա էլ պակաս նշանակություն չունի, բայց անգամ դա ես անկեղծ եմ անում՝ առանց որևէ արհեստական երանգների: Ես իմ բարբառից չեմ շեղվում, անգամ հպարտ եմ, որ այն մշտապես ու ամեն տեղ գործածում եմ: Բեմում ես խոսում եմ այնպես, ինչպես կխոսեի, օրինակ, ընկերոջս հետ, իսկ անկեղծությունը միշտ գնահատվում է»: