Շարժական տեսախցիկները չեն վերանա, բայց կբացահայտվեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց օրինագիծ, որով առաջարկվում է շարժական տեսախցիկները ոչ թե վերացնել, ինչպես պահանջում է հանրությունը, այլ դրանք քողարկված դաշտից հանել և դարձնել հանրության համար տեսանելի ու բացահայտ:
Ներկայացված օրինագիծը նախատեսում է շարժական տեսախցիկներով կահավորված ավտոմեքենաները կահավորել հատուկ տարբերանշաններով, որպեսզի հանրության համար պարզ դառնա, որ դրանք տեսանկարահանող ավտոմեքենաներ են: Իսկ ճանապարհի այն հատվածներում, որոնք գտնվում են տեսախցիկի նկարահանման գոտում, տեղադրել այդ մասին նախազգուշացնող ցուցանակներ:
«Մենք անընդհատ ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք` բերենք շրջիկ ավտոմեքենաներն էլ կիրառենք, որ մարդկանց ավելի շատ տուգանենք,- Օսիպյանի ներկայացրած նախագծին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։- Մենք քաղաքական հայտարարություն ենք արել, որ դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանել, հիմա դուք քննարկում եք` քաղաքացուն փարոսիկով տուգանենք, թե առանց փարոսիկի»:
Փաշինյանը զայրացավ ու կառավարության անդամներին հրահանգեց չշեղվել քաղաքական կուրսից:
«Ես հասկանում եմ, որ համակարգի դիմադրություն կա, բայց չի լինելու այս բանը: Մենք ասում ենք` մարդուն չենք տուգանելու, դուք ասում եք` ժպտացեք, նկարում ենք: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասաց Փաշինյանն ու կոչ արեց պետական բոլոր մարմիններին սա ընդունել ի գիտություն:
Նա նաև հարց ուղղեց, թե արդյոք շարժական տեսախցիկներ այսօր գործում են ու տուգանում քաղաքացիներին:
Վալերի Օսիպյանը հայտնեց, որ տեսախցիկներ կրող ոստիկանները պարտավոր են քաղաքացուն` վարորդին, տեղեկացնել, որ իրենց խոսակցությունը ձայնագրվում է: Եթե ձայնագրության մեջ նախազգուշացում չկա, այս հանգամանքը ներկա օրենսդրությամբ քաղաքացուն չի ազատում պատասխանատվությունից: Իսկ եթե վարորդը համաձայն չէ տեսանկարահանվել, ոստիկանը կարող է որոշում կայացնել շարունակել տեսանկարահանումը, թե դադարեցնել:
«Շարժական արագաչափերը մայրաքաղաքում ու մարզերում այս պահին չեն գործում»,- ասաց Օսիպյանը` հավելելով, որ առաջիկայում կներկայացվի օրինագիծ` տուգանքի չափերը նվազեցնելու մասին:
Սա, Օսիպյանի խոսքով, կթեթևացի վարորդների բեռը: Բայց հրաժարվել տուգանքներից, նրա համոզմամբ, անպատժելիության էֆեկտ է առաջացնում որոշ վարորդների մոտ: