Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանքի փորձ է անվանել։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Trend ադրբեջանական գործակալության լրագրողին` սադրելու փորձի համար։
Գործակալության լրագրողը խնդրեց ՌԴ ԱԳՆ-ին ուղղել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտեմ Կոժինի մասնակցությամբ ճեպազրույցի «սղագրության մեջ առկա սխալը»։
Ինչին ի պատասխան Զախարովան հարցրեց` ինչո՞ւ միայն նման խնդրի վերաբերյալ գործակալության ներկայացուցիչները մանրախնդիր մոտեցում ունեն` նշելով, որ ինքն անձամբ բազմիցս վկա է եղել իր և իր գործընկերների խոսքերի խեղաթյուրմանը։
«Նման մանրախնդիր մոտեցում չեմ հիշում, երբեք։ Կարծում եմ, որ մեր ճեպազրույցները կազմակերպվում են փաստացի պատասխաններ ստանալու համար։ Սակայն, մոտ երեք տարվա ընթացքում, ցավոք, բազմիցս բախվել եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ հարցերը քաղաքական հայտարարությունների նման են հնչում։ Եվ դուք գիտեք այդ մասին։ Եվ արվում է դա, ցավոք, ոչ թե շատ բարդ իրավիճակի կարգավորմանը նպաստելու, այլ գուցե որևէ այլ նպատակներով», – ասաց Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ–ում պատրաստ են պատասխանել, պարզաբանել։ Սակայն ճիշտ չեն սադրիչ բնույթի հարցերը։ Հատկապես այն բարդ հարցերի վերաբերյալ, որոնց պատճառով տուժում են երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, ընդգծեց Զախարովան։
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործակալությունից նրան ոչ մի անգամ չեն զանգահարել, թեև Ադրբեջանի այլ ԶԼՄ–ներից զանգեր եղել են։
«Եթե կոնկրետ ձեզ` որպես լրագրողի և ձեր գործակալությանը մտահոգեր այդ խնդիրը, հավանաբար, դուք ժամանակ կգտնեիք հարցնել այդ մասին հեռախոսով։ Ինչո՞ւ եք դուք երկու շաբաթ անց բարձրացնում այդ հարցը հրապարակավ։ Ուրեմն, սադրելու ցանկություն կա»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանն անում է առավելագույնը արցախյան հակամարտության կարգավորման համար, քանի որ նախ` Մոսկվայում ուզում են, որպեսզի երկու ժողովուրդները, վերջապես, կարգավորեն այդ արյունալի խնդիրը։
Երկրորդ` քանի որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ Հայաստանի, և Ադրբեջանի հետ, նաև ուզում է, որ այդ երկրները զարգացնեն հարաբերություններն իրար միջև։
«Եվ ինձ թվում է, որ իմ ու ձեր խնդիրը, մեր աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի մոտեցնենք, այլ ոչ թե հեռացնենք կարգավորման պահը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը տարակուսանք էր հայտնել բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող «լեզվաբանական և իմաստաբանական ճանապարհով ռուս գործընկերոջ պրոֆեսիոնալ և դիվանագիտական բանավոր պատասխանը փոփոխելու» վերաբերյալ։