Երբ դու առողջ ես ու երջանիկ, իսկ կողքինդ՝ ոչ, ապա քո երջանկությունն ու առողջությունը անիմաստ է. Անի Լուպեն 34 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երբ դու առողջ ես ու երջանիկ, իսկ կողքինդ՝ ոչ, ապա քո երջանկությունն ու առողջությունը անիմաստ է. Անի Լուպեն 34 տարեկան է. life.panorama.am

Դերասանուհի Անի Լուպեն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Անին պատմեց, որ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տարեդարձը յուրահատուկ անակնկալներով մեկնարկեց ուղիղ կեսգիշերին:

«Ամեն տարի ընկերներս մի նոր բան են մտածում օրս տոն դարձնելու համար և այս տարի ևս բացառություն չէր: Ընկերուհիներս՝ պարուհի Դիանա Հայրապետյանը և երգչուհի Սոնա Վարպետյանը, վերջինիս տանը պատրաստել էին իմ ամենասիրելի ուտեստները և ինձ հրավիրել էին իմ իսկ տարեդարձին: Իհարկե, ընկերներիս մի մասն աշխատանքի էին ու չկարողացան ներկա լինել, բայց նրանցից էլ կեսգիշերից սկսած ջերմ շնորհավորանքներ եմ ստացել»,- պատմեց օրվա հերոսուհին:

Ամեն տարի Անի Լուպեն իր տարեդարձի օրը մեծ խնջույք է կազմակերպում, բայց այս տարի դերասանուհին որոշել է հեռու լինել խնջույքային վիճակներից և ընկերների հետ միասին գնացել է Սևան՝ ծննդայն օրը հանգստանալու:

Հարցին, թե Անին ինչ է ինքն իրեն մաղթում, պատասխանեց.

«Տպավորություն թող չլինի, թե չափազանց բարի մարդ եմ, բայց ցանկությունս մեկն է՝ ուզում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ հատկացված ժամկետում մահանան՝ 100 տարեկանում, և այդ ամբողջ ընթացում առողջ լինեն: Սրա մասին մտածում եմ ամեն տարի ծննդյանս տորթի մոմերը փչելիս: Գիտեք, երբ դու առողջ ես ու երջանիկ, իսկ կողքինդ՝ ոչ, ապա քո երջանկությունն ու առողջությունը անիմաստ է»:

Անին ընդգծեց՝ ցանկություններ շատ ունի, բայց դրանք իրագործելու հնարավորությունները մեր երկրում իր համար քիչ են:

«Չկա այնպիսի տարիք, որ ես լիարժեք չանցկացնեմ,  փորձում եմ ամեն ինչ հասցնել, թեև շատ կցանկանայի, որ մեկ տարին ոչ թե 365, այլ 730 օրից բաղկացած լիներ: Վստահ եմ, որ եթե մեր երկրում հնարավորությունները թույլ տային, գուցե ավելիին հասնեի: Ամեն դեպքում, ուզում եմ լավատեսորեն տրամադրվել և հուսալ, որ դա ժամանակի ընթացքում կշտկվի»,- նկատեց նա:

Անի Լուպեն ունի սիրելի աշխատանք, լավ ընկերներ, սիրված է ինչպես բեմում, այնպես էլ շրջապատում: Հարցին, թե ի՞նչ կցանկանար ավելացնել իր կյանքում, հավելեց.

«Առաջինը ուզում եմ, որ ընկերներիս շարքը ոչ ավելանա, ոչ էլ պակասի. վերջինը առավել կարևոր է: Ցանկություններս շատ են, բայց ես իմ տեսակով նաև ձգտող մարդ եմ: Ինձ բախտավոր մարդ եմ համարում, անշուշտ, կարծում եմ՝ բախտի գործոնը մեծ է մարդու կյանքում, բայց նաև հաստատ տանը չեմ նստի՝ մտածելով, որ բախտավոր եմ: Ես շատ եմ հավատում Աստծուն ու գիտեմ, որ նրա օգնությունը մեր կյանքում շատ մեծ է, բայց ես երբեք իմ ողջ հույսս նրա վրա չեմ դնի. Աստված, ո՞ր մեկիս հասնի, պետք է Աստծուն խնդրել օգնել, որ հասնես նպատակներիդ, գործել՝ գնահատականները թողնելով նրան»:

life.panorama.am



Նման նյութեր