Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Ազգային ժողովն արտահերթ նիստում չի կարող քննարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը:
«Մենք վաղն ունենք Ազգային ժողովի արտահերթ նիստ: Սահմանադրությամբ երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրող՝ կառավարությունը և խորհրդարանը: Ես կարծում եմ, որ կառավարությունը կարող է նիստ գումարել և օրակարգում ավելացնել Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ հարցը կարող է ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգ, և մենք վաղը քննարկենք այդ հարցը»,- մանրամասնեց Մարուքյանը:
Հարցը խորհրդարանում քննարկելու երկրորդ տարբերակը Էդմոն Մարուքյանը համարում է պատգամավորների կողմից ստորագրահավաքի միջոցով արտահերթ նիստ հրավիրելը:
«Այն, որ ասվում է, որ դա անպայման պետք է հերթական նիստի օրակարգում լինի, ասվում է, որ սա պարտադիր քննարկման հարց է, հետևաբար պետք է հերթական նիստի օրակարգում ներառվի, բայց սա չի նշանակում, որ մենք այդ միջնորդությունն արտահերթ նիստում չենք կարող քննարկել»,– ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հիշեցրեց այն օրերը, երբ ձերբակալվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Նա հիշեցրեց, որ այն ժամանակ էլ հերթական նիստ չկար, իսկ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել: Մարուքյանը հավելեց, որ իր տեղեկությամբ այդ միջնորդությունը պատրաստվում էին քննարկել պատգամավորների ստորագրություններով արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով: