Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքերը բերվում են աշխատանքային միգրանտների կողմից. Վինեյ Սալդանա
Advertisement 1000 x 90

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքերը բերվում են աշխատանքային միգրանտների կողմից. Վինեյ Սալդանա

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման, բուժման, ծառայությունների որակի բարձրացման քայլերն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի հանդիպման ժամանակ:

Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ փորձ է կուտակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման, իրավիճակը վերահսկելի պահելու առումով՝ տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնելով առաջատար դիրքեր: Վերահսկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգությունը, ինչի արդյունքում 2001թ.-ից սկսած  հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:

ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աննախադեպ ձեռքբերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին: Ներկայումս ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն ցածր է 1%-ից: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման առումով ևս բարձր արդյունքներ են գրանցվել:

Միաժամանակ, Վինեյ Սալդանան նկատել է, որ Հայաստանում գրանցվող նոր դեպքերը բերվում են աշխատանքային միգրանտների կողմից, մասնավորապես, ՌԴ-ից, ուստի առկա ռիսկերը նվազեցնելու քաղաքականությունը պետք է տարածվի նաև երկրից դուրս: ՌԴ օգնության ծրագրի շրջանակում ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի` միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում իրականացվում է միացյալ ծրագիր, տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ: Այս առումով քննարկվել է նաև Ռուսաստանի հետ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իրազեկման, տարածման կանխմանն ուղղված և այդ ուղղությամբ այլ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հարցը:

ՄԱՁԻԱՀ-ի աջակցությամբ մշակվել և 2017թ. ՀՀ կառավարության հավանությունն է ստացել չորրորդ՝ «Հայաստանի Հանրապետությունում ՀՀ-ում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը», որի շրջանակներում և ընթանում է գործակցությունը:

Արսեն Թորոսյանը կարևորել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի արդյունքներն ու դրանից սպասելիքները: Երկուստեք շեշտվել է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու, ամրապնդելու հարցը:

med.news.am