Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ԵԿՄ նախագահի թեկնածուներից մեկը ԵԿՄ անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է: ԵԿՄ-ի հետագա ճակատագրի, նոր ընտրությունների մասին զրուցեցինք Արա Խուդավերդյանի հետ:
– Պարո՛ն Խուդավերդյան, որպես ԵԿՄ անդամ՝ գիտե՞ք ինչ վիճակ է հիմա կառույցում:
– ԵԿՄ հիմնադիր նախագահը ես եմ: Ժամանակի ընթացքում դա ինձնից խլեցին, քանի որ պահում էի կառույցի օբյեկտիվությունը՝ Երկրապահը պետք է մնա երկրապահ: Իսկ հիմա այնտեղ սերնդափոխություն եղավ, երկրորդ, երրորդ սերունդ… կանոնադրությունն էլ փոխեցին: Սարքեցին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի կցորդ, ընտրություններ կեղծող: Փառահեղ անցյալ ունեցող տղաներին սարքեցին կամ փորձեցին սարքել «ռագադկի» քար՝ մեկ օրվա մեջ դարձրին երկրապահ ՀՀԿ-ականներ: Մինչդեռ դրա կարիքը չկար: Մի քանի օրից ես կխոսեմ: Լուրեր կան, որ ԵԿՄ-ը հնարավոր է լուծարվի, քանի որ վերջին բացահայտումները ԵԿՄ-ին հակառակ են: Միգուցե լուծարումից հետո նոր կառույց ձեւավորվի, որ հնի անունից պոչ չմնա նորին:
– Տեղեկություններ կան, որ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանը դեռ կողմնակիցներ ունի, որոնք հույս ունեն՝ Մանվելը կարդարացվի ու հետ կվերադառնա:
– Կլինեն իհարկե: Բայց պետք է գիտակցեն՝ այս խմորը շատ ջուր կվերցնի: Գուցե էլի զարգացումներ լինեն:
– Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն է ստանձնել ԵԿՄ նախագահի գործը: Ճի՞շտ եք համարում այս որոշումը:
– Ճիշտ չեմ համարում: ԵԿՄ վարչությունը պետք է դա ճիշտ կամ սխալ համարի: Չգիտեմ, թե Նազիկին ի՞նչ պայմաններում են ընտրել, եթե իհարկե ընտրել են:
– Բացի Ձեզանից՝ ԵԿՄ նախագահի այլ թեկնածուներ կա՞ն:
– Այո՛, կան: Տարբեր ախորժակներ են բացվում:
Ամբողջությամբ՝ araratnews.am